Մոլդովան Ռուսաստանին բողոքի նոտա է հղել իր օդային տարածք անօդաչուների ներխուժումների առնչությամբ

Մոլդովայի տարածքում ընկած անօդաչու թռչող սարքի բեկոր, 17-ը նոյեմբերի, 2026թ.
Մոլդովայի տարածքում ընկած անօդաչու թռչող սարքի բեկոր, 17-ը նոյեմբերի, 2026թ.

Մոլդովայի արտգործնախարարությունը Ռուսաստանի դեսպան Օլեգ Օզերովին բողոքի նոտա է հանձնել ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից երկրի օդային սահմանի խախտումների կապակցությամբ:

Գերատեսչության տվյալներով՝ երեկ յոթ անօդաչու է հայտնվել Մոլդովայի օդային տարածքում, այդ թվում՝ Քիշնևի երկնքում, դրանցից վեցն ընկել են:

«ԱԳՆ-ը վճռականորեն դատապարտում է այդ գործողությունները, որոնք խախտում են Մոլդովա Հանրապետության ինքնիշխանությունը և սպառնում մարդկանց կյանքին ու անվտանգությանը», - հայտարարել են Քիշնևում՝ կոչ անելով Ռուսաստանին «դադարեցնել այդ գործողությունները և հարգել երկրի օդային տարածքն ու սահմանները»:

Մոլդովայի երկնքում անօդաչուների թռիչքի մասին նախօրեին գրել էին տեղական լրատվամիջոցները: Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ դրանք ընկել են հինգ բնակավայրերի մոտ: Մոլդովայի իշխանությունները փակել էին օդային տարածքը, ինչպես նաև ժամանակավորապես դադարեցրել Ուկրաինայի հետ սահմանի վեց անցակետերի աշխատանքը:

Ուկրաինայի հետ սահմանի մերձակայքում հայտնաբերված բեկորները, ինչպես պարզել է ոստիկանությունը, ռուսական «Գերբերա-2» անօդաչուինն էին: Մինչդեռ Օզերովը Մոլդովայի ԱԳՆ այցելելուց հետո հայտարարել է, թե «դեռ ոչ ոք չի ապացուցել, որ դրանք ռուսական անօդաչուներ են», ինչպես նաև՝ որ դրանք «նպատակաուղղված են հայտնվել» Մոլդովայի օդային տարածքում:

Անցած տարվա փետրվարին Օզերովին Մոլդովայի արտգործնախարարությունում ցույց էին տվել երկրի տարածքում ընկած ռուսական անօդաչուի բեկորները: Դրանից հետո Քիշնևը փակեց Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, նշում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Current Time նախագիծը:

​
XS
SM
MD
LG