Ճապոնիան Ռուսաստանին մեղադրում է օդային տարածքը խախտելու համար

Ճապոնիան Ռուսաստանին մեղադրել է իր օդային տարածքը խախտելու համար և դիվանագիտական խողովակներով բողոքի նոտա հղել Մոսկվային։

Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչ Մինորու Կիհարայի խոսքով՝ այսօր՝ նոյեմբերի 17-ին, ենթադրաբար ռուսական երկու ռազմական ինքնաթիռ ներխուժել է երկրի հարավ-արևմուտքում գտնվող Օկինոսիմա կղզու շրջանի օդային տարածք։ Ճապոնիան օդ է բարձրացրել կործանիչներ՝ խախտմանն արձագանքելու համար։

«Ռուսական ինքնաթիռների կողմից մեր ազգային օդային տարածքի խախտումը ոչ միայն մեր երկրի ինքնիշխանության լուրջ ոտնահարում է, այլև սպառնալիք մեր անվտանգությանը և բացարձակապես անընդունելի է», - հայտարարել է Կիհարան։

Նրա փոխանցմամբ՝ ինքնաթիռները նախ անցել են Ճապոնիայի և Հարավային Կորեայի միջև գտնվող Կորեական նեղուցով, ապա թռել Յոնագունի կղզու և Թայվանի միջև՝ շարժվելով դեպի Խաղաղ օվկիանոս։

Ռուսական ռազմական ինքնաթիռների մասնակցությամբ միջադեպի մասին այսօր հայտնել է նաև Հարավային Կորեան։ Սեուլի տվյալներով՝ դրանք մուտք են գործել երկրի հակաօդային պաշտպանության ճանաչման գոտի, ինչից հետո հարավկորեական կողմն օդ է բարձրացրել կործանիչներ։

Սակայն, ի տարբերություն Ճապոնիայի, Հարավային Կորեայի օդային տարածքը չի խախտվել։ Հակաօդային պաշտպանության ճանաչման գոտին տարածվում է երկրի օդային տարածքից դուրս և օգտագործվում է մոտեցող ինքնաթիռների շարժը վերահսկելու համար։

Երեքշաբթի առավոտյան Թայվանի իշխանությունները ևս հայտնել են կղզու մերձակայքում ռուսական երկու ռազմական ինքնաթիռ հայտնաբերելու մասին՝ նշելով, որ զինվորականները հետևել են իրավիճակին և համապատասխան միջոցներ ձեռնարկել։

Միջադեպերը տեղի են ունենում Տոկիոյի և Մոսկվայի հարաբերությունների լարվածության պայմաններում։ Վերջին շաբաթներին հարաբերություններն ավելի են սրվել Ռուսաստանում լրտեսության մեղադրանքով ճապոնացի լրագրողի ձերբակալությունից և ճապոնական Japan Tobacco ընկերության ռուսաստանյան բիզնեսը Մոսկվայի կառավարմանն անցնելուց հետո։

​
XS
SM
MD
LG