Ռուսական դիզվառելիքով բեռնված երկու տանկերներ, որոնք սկզբնապես մեկնում էին ԱՄՆ՝ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի պայմանավորվածությունների շրջանակում, փոխել են իրենց երթուղին, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով նավերի հետևման տվյալներին և շուկայի մասնակիցներին:
Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության պատժամիջոցների տակ գտնվող Talisman նավն ուղևորվել է Միջերկրական ծով և Ալժիրի ափերին է: Ամերիկյան նավահանգստի փոխարեն, այժմ նավի կարգավիճակն է՝ «սպասում է հրահանգների»:
Մյուս՝ Մեծ Բրիտանիայի, Եվրամիության և Կանադայի պատժամիջոցների տակ գտնվող Leruo տանկերն իր նավարկության նպատակակետ երկիր այժմ նշում է Բրազիլիան:
Agioi Fanendes նավը շարունակում է շարժվել ԱՄՆ-ի ուղղությամբ, սակայն որպես դրա կարգավիճակ ևս նշված է՝ «սպասում է հրահանգների»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 9-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո, հայտարարել էր, որ Ռուսաստանը վերսկսելու է դիզելային վառելիքի մատակարարումները Միացյալ Նահանգներ և միջազգային շուկաներ։ Սպիտակ տունն ակնկալում էր այդ ճանապարհով նվազեցնել վառելիքի գինը նավթամթերքների դեֆիցիտի ֆոնին:
Համաձայնությունը հարուցել էր թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների մի մասի քննադատությունը;: Օրենսդիրները հարցականի տակ դրեցին դրա օրինականությունը և պահանջեցին չեղարկել:
Kpler ընկերության վերլուծաբան Մեթ Սմիթը Financial Times-ի հետ զրույցում ասել է, թե ամերիկացի գնորդներն անվճռականություն են ցուցաբերում իրավաբանական և պատժամիջոցների վտանգների պատճառով:
TORM նավագնացության ընկերության ղեկավար Ջեյքոբ Մելդգաարդն էլ ընդգծել է՝ մատակարարումների դժվարությունները ցույց են տալիս, թե որքան բարդ է Ռուսաստանին համաշխարհային տնտեսություն վերադարձնելը նույնիսկ ամերիկյան վարչակազմի օժանդակությամբ:
Financial Times-ի տվյալներով՝ դիզվառելիքի ամերիկյան պաշարները նվազել են 100 միլիոն բարելից ցածր մակարդակի՝ առաջին անգամ ավելի քան երկու տասնամյակում: