Մատչելիության հղումներ

Ռուսական դիզվառելիքի առաջին խմբաքանակը ԱՄՆ-ի ճանապարհին է

Ռուսաստան - Նավթային տերմինալ Լենինգրադի մարզի Պրիմորսկ նավահանգստում, արխիվ
Ռուսաստան - Նավթային տերմինալ Լենինգրադի մարզի Պրիմորսկ նավահանգստում, արխիվ

40 հազար տոննա ռուսական դիզելային վառելիքով բեռնված տանկերը շարժվում է դեպի Նյու Յորք, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով նավի հետևման տվյալները:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ռուսական դիզելային վառելիքի մատակարարման պայմանավորվածություն ձեռք բերելու մասին հայտարարել էր երկու շաբաթ առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո: Այդպիսով նա ջանում է նվազեցնել վառելիքի գները նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացվելիք միջանկյալ ընտրություններից առաջ:

Մալթայի դրոշի ներքո նավարկող Agioi Fanendes նավը բեռնվել է Բալթիկ ծովի ռուսաստանյան Պրիմորսկ նավահանգստում հոկտեմբերի 22-ին, և ակնկալվում է, որ Միացյալ Նահանգներ կհասնի նոյեմբերի 7-ին, վկայում են նավագնացության LSEG պորտալի տվյալները:

Դիզվառելիքի գնորդը և վաճառողը հայտնի չեն: Բեռը Ռուսաստանից ԱՄՆ առաջին ներմուծումը կլինի 2022 թվականին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից ռուսական նավթամթերքի և բենզինի ներկրման նկատմամբ արգելք սահմանելուց հետո:

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ հետագա մատակարարումներ կկատարվեն ռուսաստանյան և ամերիկյան ընկերությունների միջև այժմ մշակվող պայմանագրերի կնքումից հետո:

Գործարքով նաև Ռուսաստանն է համաձայնել վերացնել դիզվառելիքի արտահանման իր իսկ նկատմամբ սահմանած արգելքը:

Թրամփը հոկտեմբերի 9-ին հայտարարել էր, որ Ռուսաստանն անմիջապես ԱՄՆ և համաշխարհային շուկաներ է արտահանելու 300 հազար տոննա կամ 2.25 միլիոն բարել վառելիք, ապա նոյեմբերին՝ ևս 500 հազար տոննա, և 1 միլիոն տոննա՝ «անմիջապես հետո»:

Նովակը վստահեցրել է, որ Ռուսաստանն ի վիճակի կլինի մինչև տարեվերջ դիզվառելիքի արտահանումը հասցնել ամսական 3-3.5 միլիոն տոննայի:

Ուկրաինայում պատերազմի պատճառով 2023-ի փետրվարին Եվրամիության կողմից ռուսական նավթամթերքի նկատմամբ լիակատար էմբարգո սահմանելուց հետո, Ռուսաստանը մինչ այժմ դիզվառելիք արտահանել է հիմնականում Բրազիլիա և Թուրքիա, ինչպես նաև աֆրիկյան երկրներ, նշում է Reuters-ը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG