Մատչելիության հղումներ

Ժամանակն է, որ Զելենսկին գործարք կնքի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում նախընտրական հանրահավաքի ժամանակ Ուիչիտայի արվարձան Փարք Սիթիի Heartland Credit Union Arena-ում, 19-ը հոկտեմբերի, 2026 թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում նախընտրական հանրահավաքի ժամանակ Ուիչիտայի արվարձան Փարք Սիթիի Heartland Credit Union Arena-ում, 19-ը հոկտեմբերի, 2026 թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կցանկանար, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնության գա Ռուսաստանի հետ՝ դադարեցնելու արդեն հինգերորդ տարին ընթացող պատերազմը։

«Մենք ուզում ենք, որ Զելենսկին գործարք կնքի։ Նա կարող է դա անել», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը: «Նա պետք է պատրաստ լինի գործարք կնքելու, քանի որ կարծում եմ, որ իր ժողովուրդը այլևս չի հանդուրժի դա ... Ժամանակն է գործարք կնքել»,- հավելել է ԱՄՆ նախագահը:

Միևնույն ժամանակ, Թրամփը կարծիք է հայտնել, որ հակամարտության մեջ առավելությունը Մոսկվայինն է. «Ռուսաստանը մեծ մեքենա է. այն պարզապես անսասան շարունակում է առաջ շարժվել։ Նրան հաջողվել է շատ մեծ տարածքներ գրավել»։

Վերջին շաբաթներին Կիևի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը չեղարկեց Մոսկվայի դեմ որոշ պատժամիջոցներ՝ հօգուտ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դիզելային վառելիքի մատակարարման գործարքի։ Թրամփը նաև քննադատեց Զելենսկիին Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումների համար՝ մեղադրելով նրան պատերազմը դադարեցնելու ցանկություն չունենալու մեջ։

Վլադիմիր Զելենսկին իր հերթին Միացյալ Նահանգներին մեղադրեց Ուկրաինային կարևորագույն հետախուզական տեղեկություններ դիտավորյալ չտրամադրելու և ռազմական օգնությունը հետաձգելու մեջ։ Երկուշաբթի Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինան նախապես չի զգուշացվել մայրաքաղաքի էներգետիկ օբյեկտներին ուղղված Ռուսաստանի հրթիռային հարվածների մասին։

Հոկտեմբերի 20-ին Օսլոյում Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հետ բանակցություններից հետո Զելենսկին հայտարարել է, որ Կիևը շնորհակալ է Միացյալ Նահանգներին հետախուզական տվյալների տրամադրումը վերսկսելու և ռուսական բալիստիկ հրթիռային հարվածների մասին նախնական նախազգուշացում տրամադրելու համար։

Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան չի պարտվում Ռուսաստանի դեմ պատերազմում, սակայն Կիևը մարդկային կորուստներ է ունենում, ուստի Ուկրաինայի իշխանությունները ձգտում են գտնել խաղաղություն հաստատելու ուղիներ։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG