Մատչելիության հղումներ

Ռուս զինվորը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ Կուրսկի մարզում ընտանիքի վրա հարձակվելու համար


40-ամյա ռուս զինվորական Դմիտրի Ստենկինը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ Կուրսկի մարզում ընտանիքի վրա հարձակման համար: Դատավճիռը կայացվել է դեկտեմբերի 18-ին, հաղորդում է «Медиазона»-ն.

«Ազատության» ռուսական ծառայությունը գարնանը գրել էր այս հանցագործության մասին:

2025 թվականի ապրիլի 30-ի գիշերը Կուրսկի մարզի Գիրի գյուղում, շարքային Դմիտրի Ստենկինը հարձակվել է Լարինների բազմազավակ ընտանիքի տան վրա: Նա կրակել և սպանել է 41-ամյա Օլեսյային, վիրավորել նրա ամուսնուն՝ Իգորին, և առևանգել երկու աղջիկներին՝ վեց և տասը տարեկան: Դատարանի արձանագրության մեջ նշվում է, որ պայմանագրային զինծառայողը փորձել է բռնաբարել Օլեսյա Լարինային, բայց երբ նա դիմադրել է, սկսել է կրակել իր ավտոմատ զենքով:

Ստենկինը փորձել է առևանգել երեխաներին՝ վախենալով, որ նրանք կբացահայտեն իրեն։ Զինվորը պլանավորել էր աղջիկներին գյուղից դուրս հանել տարհանման պատրվակով, բայց նրան ձերբակալել են և կալանքի տակ վերցրել։

Դմիտրի Ստենկինին մեղադրանք է առաջադրվել մի քանի քրեական հանցագործությունների համար, այդ թվում՝ երկու կամ ավելի անձանց սպանության և երեխաների առևանգման համար։ Նա իր պատժի առաջին ութ տարին կկրի բանտում, որին կհաջորդի խիստ ռեժիմի գաղութը։

Դմիտրի Ստենկինը նախկինում բազմիցս դատապարտվել էր բռնաբարության, ոստիկանի վրա հարձակման, սպանության սպառնալիքի և վարչական հսկողությունից խուսափելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG