Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը զղջում է «իրավահաջորդի ընտրության համար», Սերժ Սարգսյանն արձագանքում է

Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, դեկտեմբեր, 2008թ.
Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, դեկտեմբեր, 2008թ.

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հետահայաց ամենից շատ զղջում է իրավահաջորդի ընտրության համար:

Սերժ Սարգսյանն այսօր արձագանքել է. - «Գրեթե երկու տասնամյակ է, որ այդ նույն բառերը ես լսել եմ տարբեր աղբյուրներից, երեկ էլ սկզբնաղբյուրից լսեցինք: Ինձ համար դա նորություն չէ»:

Երրորդ նախագահի արձագանքին նախորդել էր իր առաջնորդած «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի պատասխանը՝ ենթատեքստով, թե ՀՀԿ-ում էլ կասկածում են, որ այս ընտրապայքարի մեջ մտած Քոչարյանի դաշինքն 8 տոկոս ձայն կարող է ստանալ:

«Քարոզչական ինչ հնարք ուզում եք, կիրառեք. միայն թե հաղթահարեք անցողիկ շեմը», - հայտարարել է Մամիջանյանը:

Ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարությունը կրկին ջրի երես հանեց երբեմնի դաշնակիցների՝ նրա և Սերժ Սարգսյանի միջև տարիների հակասությունները:

2008-ին նախագահ դարձավ այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանը: Ընդդիմությունը համաձայն չէր ընտրության արդյունքի հետ, այն կեղծված էր համարում: Հենց Քոչարյանի նախագահության վերջին օրերին Երևանի կենտրոնում տեղի ունեցան մարտիմեկյան արյունալի դեպքերը՝ խլելով 10 մարդու կյանք:

Քոչարյանի երեկվա հարցազրույցի հրապարակումից ժամեր առաջ Սերժ Սարգսյանի հայտարարությունն էր տարածվել՝ հրաժարականի 8-ամյակի կապակցությամբ, որտեղ երրորդ նախագահն օգտագործել էր «ոխերիմ ընկերներ» արտահայտությունը, թե նրանց կողմից իր հրաժարականի հարցով մանիպուլյացիաներ են եղել:

Երկար ժամանակ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը՝ կողմնակիցների հետ, վիճում էին «ով բերեց Նիկոլին» հարցի շուրջ:

«Չափազանց մեծ բան էր, սենց, հակում կար քաղաքական մոնոպոլիայի, տնտեսական մոնոպոլիաների, և սա նյարդացնում էր ուղղակի: Տրիգերը եղավ, երբ երրորդ նախագահն ընտրվեց վարչապետ», - հայտարարել էր Քոչարյանը:

«Նրանք փութաջանորեն քողարկում 2018-ին իշխանազավթներին աջակցելու սեփական քայլերը, իսկ միգուցե գալիք ընտրություններից առաջ պարզապես փորձում են ընդդիմադիր ձայներ փախցնել», - իր հերթին, ասում էր Սարգսյանը:

«Ո՞վ բերեց Նիկոլին» վեճն անցած տարի փոխակերպվեց «ինչպե՞ս հեռացնել Նիկոլին» տարաձայնությամբ: Բացվեց իմփիչմենթի թեման: Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու, Ռոբերտ Քոչարյանն՝ ընտրություններով իշխանափոխության կողմնակից էին: Երկու նախագահների պատգամավորական թիմերը ստորագրությունների շուրջ էին վիճում, չնայած երկուսը միասին Փաշինյանին անվստահություն հայտնելու անհրաժեշտ ձայները չունեին:

«Մտնել մի պրոցեսի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չի», - ասել էր երկրորդ նախագահը:

«Մեր հիմնավորումները դա ա, որ մենք ասում ենք՝ փորձենք», - նշում էր երրորդ նախագահը:

Ամիսներ անց Քոչարյանը մտավ ընտրապայքարի մեջ, Սարգսյանը՝ ոչ:

«Տենց սիրուն անուններով, ինչ-որ Սահմանադրության վրա հղումներ կատարելով, բան-ման, անլուրջ ա է դա», - պնդում էր երկրորդ նախագահը:

«Ներողություն, բայց դուք Սահմանադրության մեջ գրված հոդվածին անլրջությամբ ե՞ք վերաբերվում: Այսինքն՝ 21 թվականի ընտրություններին գնալը շատ լուրջ է, որ «հաղթելու ենք», իսկ իմպիչմենտ անելը անլուրջ է՞», - հակադարձում էր երրորդ նախագահը:

Իսկ մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանի փեսան՝ քրեական գործերով հետախուզվող Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառմամբ Փաշինյանի կողքին Քոչարյանին «Հայաստանի գերեզմանափոր» անվանեց: Երկրորդ նախագահի մեթոդները ռեպրեսիվ անվանեց, իսկ «Մարտի 1»-ի պատասխանատու՝ և՛ Քոչարյանին, և՛ այն ժամանակ ընդդիմադիր Փաշինյանին:

Քոչարյանի թիմակից՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Բորիս Թամոյանը պատասխանեց. - «Հայերենի համար՝ հինգ, բովանդակության համար՝ երկու»: Լրագրողի հարցին՝ «էս գրառումներով ի՞նչ է փորձում անել Միքայել Մինասյանը», նա արձագանքեց. - «Չգիտեմ, ես իր բժիշկը չեմ, եթե անկեղծ»:

Նիկոլ Փաշինյանն ընտրապայքարի է գնում թեզով, թե նախկին նախագահների նպատակը մեկն է՝ ռևանշը:

«Սերժ Սարգսյանը, հա, իմիջիայլոց, էդ որ ասում են՝ չի մասնակցում ընտրություններին, դա կեղծ թեզ ա. նախորդ ընտրություններում «Պատիվ ունեմ»-ով էր մասնակցում Սերժ Սարգսյանը, էս ընտրություններում մասնակցում ա «Ուժեղ Հայաստան»-ով: Էսօրվա ընտրական գործընթացում նրանք ուզում են ռևանշի հասնեն և վերականգնեն 2007 թվի, 2006 թվի կոալիցիան՝ Դաշնակցություն, ԲՀԿ, Հանրապետական, ուրիշ պատմություն չկա սրա տակ», - երեկ հայտարարեց վարչապետը:

Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր բևեռներին չհաջողվեց միավորվել, իսկ Նիկոլ Փաշինյանը իշխանության 8-րդ տարում դեռ նախկինների թեզի վրա է իր քաղաքական պայքարն առաջ մղում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG