Մատչելիության հղումներ

«Քաղաքական պատվեր է, հրահանգ է հնչել». Իշխան Սաղաթելյանը՝ Քոչարյաններին ձերբակալելու, խուզարկությունների մասին

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելուն, ինչպես նաև Քոչարյանների տներում, ընտանիքին պատկանող ընկերություններում խուզարկություններին, ասաց, թե «իշխանության կողմից քաղաքական պատվեր է»:

«Քաղաքական պատվեր է, բացահայտ հրահանգ է հնչել, գնացել են այդ հրահանգը կատարելու: Որպեսզի կարողանա հասցնել իր նպատակին և բավարարի ամբողջական Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները, Հայաստանում գործող քաղաքական ընդդիմադիր ուժերին, ազգային մտածելակերպ ունեցող մարդկանց կամ առհասարակ բոլոր դիմադրության օջախները պետք է ինքը ոչնչացնի, որպեսզի կարողանա իր այս հակահայկական ծրագիրը իրականացնի»,- ասաց Սաղաթելյանը:

Այսօր ձերբակալվել է ՀՀ երկրորդ նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը:

Այսօրվա ձերբակալություններին ու խուզարկություններին նախորդել էր երեկ Լևոն Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի սուր բանավեճը: Քոչարյանն ասել էր. «Ժողովուրդը մեզ ասում է՝ «Արցախը կործանած, հազարավոր զոհեր բերած էդ պիղծ դավաճանը ինչու է դեռ մինչև հիմա մնում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքելով Լևոն Քոչարյանին, ասաց.

«Ձեր ընտանիքը ինչի՞ հաշվին է միլիոնատեր: Էդ ունեցվածքը որտեղի՞ց ձեզ: Դուք ուզում եք ասեք, որ ձեր միլիոնները պիտի ժառանգեն ձեր երեխաները, ձեր երեխաներն էլ իրենց երեխաներին... Ես ձեզ ուղիղ ասում եմ, որ չի լինելու դա: Սա ոչ թե անձնավորված հարց է, այլ քաղաքական խնդիր է: Հատիկ-հատիկ ամեն ինչը պիտի վերադարձվի ՀՀ-ին»:

Քոչարյանն ի պատասխան ասաց.- «Թե ինչը ում պետք է վերադարձվի, պիտի որոշի դատարանը, ոչ թե երկրի առաջին դեմքը: Երբ Դուք ասում եք՝ դու չես կարող ժառանգել...ու զուգահեռ գործ կա դատարանում: Սա ուղիղ ճնշում է դատարանի վրա: Ես իմ ամեն լումայի համար էդ պատասխանը տալու եմ կամ չեմ տալու, դա դատարանում է: Բայց Դուք էստեղ դրա մասին խոսելով խախտում եք հիմնարար սկզբունքը: Ձեր մոտ ընտրողաբար մոտեցումն է. Ձեր մոտ կա էլ նախկինի նախկին, մարզպետներ կան, որոնց մասին էնքան հոդվածներ եք գրել ժամանակին, բայց հիմա Ձեր մոտ են ու իրենց հետ կապված խնդիր չունեք: Ուրեմն, էս ամեն ինչը անձնավորված է»:

Վարչապետը Նոր Կտակարանից մեջբերում արեց. ««Մի՛ դատիր, որ չդատվես, որովհետև ինչ դատով դատես, նույն դատով էլ դատվելու ես»: Հիմա էն, ինչ ձեզ ասեցի, այո, ես ձեզ դատում եմ, և ես ձեզ դատելու եմ և պատրաստ եմ նույն դատով դատվել»:


XS
SM
MD
LG