Ըստ իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Իրանի և Միացյալ Նահանգների միջև փոխըմբռնման հուշագրի նախագիծը մի շարք հարցերի է անդրադառնում՝ Իրանի միջուկային ծրագրից մինչև Հորմուզի նեղուցի վերաբացում և նավթամթերքի արտահանման դեմ ամերիկյան պատժամիջոցների չեղարկում, իսկ վերջնական համաձայնագիրը կքննարկվի համաձայնեցումից հետո առաջիկա 60 օրերին, հայտնում է Reuters-ը։
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ հուշագրի նախագիծը ներառում է հետևյալը․
Հորմուզի նեղուցը
- Իրանն անհապաղ բոլոր առևտրային նավերի համար վերաբացում է Հորմուզի նեղուցը, իսկ ԱՄՆ-ն վերացնում է իրանական նավահանգիստների շրջափակումը։ ԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումը կսկսվի հուշագրի ստորագրումից անմիջապես հետո և կավարտվի 30 օրվա ընթացքում։
Ֆինանսական
- Ֆինանսական մասով՝ ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ չկիրառել մինչև վերջնական համաձայնագրի կնքումը
- Վերջնական համաձայնագրից հետո, համաձայնեցված ժամանակացույցի համաձայն, Իրանի նկատմամբ ամերիկյան և ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները կչեղարկվեն։
- Կոնկրետ ժամանակահատվածի համար Միացյալ Նահանգները կչեղարկի իրանական նավթամթերքի դեմ սահմանված պատժամիջոցները՝ թույլ տալով Թեհրանին վաճառել նավթը և շահույթ ստանալ։
- ԱՄՆ-ն պատրաստ է ազատել Իրանի սառեցված 25 մլրդ դոլարի ակտիվները:
- Վաշինգտոնը, իր տարածաշրջանային դաշնակիցների հետ համակարգմամբ, Իրանի վերակառուցման և զարգացման ծրագիր կկազմի, որը Թեհրանի հետ պետք է քննարկվի և համաձայնեցվի 60 օրվա ընթացքում։
Միջուկային հարցը
- Թեհրանը համաձայն է, որ ո՛չ կարտադրի, ո՛չ էլ կձեռք բերի միջուկային զենք։
- Վերջնական համաձայնագրին հասնելուց հետո Իրանը կպահպանի իր միջուկային ծրագրի ներկայիս կարգավիճակը՝ զերծ մնալով ուրանի հետագա հարստացումից և միջուկային օբյեկտների ընդլայնումից։
- Միացյալ Նահանգները համաձայն է թույլ տալ Իրանին ապագա համապարփակ համաձայնագրի շրջանակում սեփական տարածքում ոչնչացնել բարձր հարստացված ուրանի իր պաշարները։
- Իրանի միջուկային ծրագիրը, ուրանի հարստացման գործունեությունը և բարձր հարստացված ուրանի պաշարների կառավարման մեխանիզմները կբանակցվեն հուշագրի ստորագրումից հետո 60 օրվա ընթացքում և կհամաձայնեցվեն վերջնական համաձայնագրում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ