Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը երեկ նախազգուշացում է տարածել ԱՄՆ քաղաքացիների համար ՌԴ Իրկուտսկի մարզում ժանտախտի հնարավոր բռնկման վերաբերյալ, հայտնում է «Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» նախագիծը։
Դիվանագիտական առաքելությունը հայտարարել է, որ տեղյակ է թոքային ժանտախտի կասկածելի դեպքի վերաբերյալ հաղորդագրությունների մասին, որը հանգեցրել է մարդու մահվան, ինչպես նաև դրան առնչվող կարանտինային միջոցառումների և Իրկուտսկում հիվանդանոցների փակման մասին։
«Տարածքում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է հետևեն տեղական առողջապահական մարմինների խորհուրդներին, խուսափեն տուժած [կարանտինային] հաստատություններ այցելելուց և անմիջապես դիմեն բժշկական օգնության, եթե ջերմություն կամ շնչառական ախտանիշներ ունենան», - ասվում է հայտարարությունում:
Դեսպանությունը նաև հիշեցրել է, որ ուժի մեջ է մնում ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկինում հրապարակված հրահանգը, որում Ռուսաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվում անհապաղ լքել երկիրը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ առաջիկայում հեռախոսազրույց կունենա իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Նաև նշել, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է դեպքերի զարգացումներին և կոչ է արել Ռուսաստանին ավելի շատ տեղեկություններ հրապարակել Իրկուտսկի ժանտախտի հետազոտական կենտրոնի լաբորատորիայի աշխատակցի մահվան վերաբերյալ։ Նրա խոսքով՝ «խուճապի մատնվելու պատճառ չկա»:
«Ազատության» «Сибирь.Реалии» նախագիծ ավելի վաղ հայտնել էր, որ Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի 28-ամյա աշխատակցուհու մահից հետո այդ հաստատության ավելի քան 60 աշխատակցի մեկուսացրել են շենքում։
Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ Դարյա Շիպիլովան լաբորատորիայում կոտրել է ժանտախտի հարուցիչը պարունակող փորձանոթը։ «Ռոսպոտրեբնադզորը» հերքում է այդ հաղորդագրությունները՝ պնդելով, որ Շիպիլովան մահացել է «չպարզված թոքաբորբից», նրա մոտ չեն հայտնաբերվել իր մասնագիտական գործունեության հետ կապված միկրոօրգանիզմներ, իսկ ինստիտուտում ախտածինների հետ աշխատանքի ընթացքում միջադեպեր չեն եղել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախնական գնահատականով՝ Իրկուտսկում ենթադրյալ ժանտախտի ռիսկը միջին է կամ ցածր, Ռուսաստանում՝ ցածր, իսկ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում՝ շատ ցածր: