Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի 28-ամյա աշխատակցուհու մահից հետո, «Ազատության» «Сибирь.Реалии» նախագծի աղբյուրների տվյալներով, այդ հաստատության ավելի քան 60 աշխատակցի մեկուսացրել են շենքում։
Միևնույն ժամանակ, լրատվամիջոցներում ու տելեգրամյան ալիքներում լուրեր են շրջանառվում ժանտախտով վարակման և լաբորատորիայում հնարավոր վթարի վարկածների մասին։
Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, մահացած Դարյա Շիպիլովան լաբորատորիայում կոտրել է ժանտախտի հարուցիչը պարունակող փորձանոթը։ «Ռոսպոտրեբնադզորը» հերքում է այդ հաղորդագրությունները՝ պնդելով, որ Շիպիլովան մահացել է «չպարզված թոքաբորբից», նրա մոտ չեն հայտնաբերվել իր մասնագիտական գործունեության հետ կապված միկրոօրգանիզմներ, իսկ ինստիտուտում ախտածինների հետ աշխատանքի ընթացքում վթարներ չեն եղել։
Մինչդեռ Իրկուտսկի թիվ 1 քաղաքային կլինիկական հիվանդանոցի և Իվանո-Մատրյոնինյան մանկական կլինիկական հիվանդանոցի պացիենտները «Сибирь.Реалии»-ին հայտնել են կարանտինի մասին․ արգելված են հարազատների տեսակցությունները, իսկ ներսում գտնվող մարդկանց թույլ չեն տալիս դուրս գալ։ Տեղական ԶԼՄ-ները հայտնում են նաև թիվ 3 և 10 քաղաքային հիվանդանոցներում ու առնվազն մեկ ծննդատանը հայտարարված կարանտինի մասին։ Իրկուտսկի ալյումինի գործարանում հոկտեմբերի 3-ից բժշկական դիմակներ կրելու պարտադիր կարգադրություն է տրվել:
«Իրկուտսկի մարզում անցկացվել են սանիտարական և հակահամաճարակային հանձնաժողովի նիստեր՝ Ռուսաստանի Դաշնության գլխավոր պետական սանիտարական բժիշկ Աննա Յուրիևնա Պոպովայի մասնակցությամբ։ Ռոսպոտրեբնադզորը ձեռնարկում է անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ։ Բոլոր հայտնաբերված կոնտակտները գտնվում են բժշկական հսկողության տակ։ Ներկայումս նրանց մոտ հիվանդության նշաններ չկան, և լաբորատոր թեստերը բացասական են։ <...> Որպես կանխարգելիչ միջոց՝ մենք գործարանում դիմակ կրելու պարտադիր պահանջ ենք մտցրել», - հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Արտյոմ Ֆոմինիխը։
«Ռոսպոտրեբնադզորը» իր հերթին պնդում է, որ Իրկուտսկի մարզում համաճարակային իրավիճակը «կայուն է»։ Սակայն առողջապահության ոլորտի աղբյուրը «Людям Байкала» հրատարակությանը ասել է, որ Իրկուտսկի բժիշկները «արդեն բացահայտ խոսում են ժանտախտի մասին»։ Սակայն, ըստ այդ աղբյուրի, «ժանտախտ» ախտորոշումը պաշտոնապես նշված չէ հիվանդանոցների կողմից ստացած փաստաթղթերում։