Մատչելիության հղումներ

Թրամփը կզանգահարի Պուտինին՝ ՌԴ-ում համաճարակի մասին լուրերի ֆոնին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկայում հեռախոսազրույց կունենա իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ՝ Իրկուտսկի ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտի 28-ամյա լաբորանտի մահվան և ժանտախտի հնարավոր դեպքերի գրանցման մասին հաղորդագրությունների ֆոնին։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նա Պուտինի հետ քննարկել է Իրկուտսկում տեղի ունեցած իրադարձությունները, Թրամփն ասել է, որ երկու երկրների ղեկավարները «մոտ ապագայում զրույց են նախատեսում»:

Մինչ այդ էլ Թրամփը լրագրողներին ասել էր, որ պատրաստ է օգնել Ռուսաստանին՝ ժանտախտի դեմ պայքարում՝ նշելով, որ թոքային ժանտախտը «ծանր հիվանդություն» է։ «Չէի ցանկանա, որ նրանք այդ հիվանդությունն ունենային: Մենք միշտ պատրաստ ենք օգնել յուրաքանչյուրին, ով նման խնդիր ունի»,- ասել էր նա։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կոչ է արել Ռուսաստանին ավելի շատ տեղեկություններ հրապարակել Սիբիրում ժանտախտի հետազոտական կենտրոնի լաբորատորիայի աշխատակցի մահվան վերաբերյալ։

ԱՀԿ-ն օգնություն է առաջարկել Ռուսաստանին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ կապի մեջ է Ռուսաստանի առողջապահական մարմինների հետ և առաջարկել է տեխնիկական աջակցություն, հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

Նա սոցցանցում գրել է, որ ԱՀԿ հարցմանը ի պատասխան՝ Ռուսաստանի առողջապահական մարմինները հայտնել են, որ վերջերս Իրկուտսկի մարզում ժանտախտի դեպքեր չեն գրանցվել։

«Նրանք ԱՀԿ-ին տեղեկացրել են, որ անցկացվել է համաճարակաբանական հետաքննություն, ձեռնարկվել են կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումներ, և հայտնաբերված կոնտակտավորները ենթարկվել են բժշկական հսկողության և թեստավորվել են։ Նրանք հայտնել են, որ կոնտակտավորների շրջանում բարձր ռիսկի հարուցիչներ չեն հայտնաբերվել, և որ բոլոր հայտնաբերված կոնտակտավորների բժշկական հսկողությունն ավարտվել է», - շարունակել է ԱՀԿ ղեկավարը։


Նույն գրառման մեջ Գեբրեյեսուսը նշել է, որ կազմակերպությունը «խնդրել է լրացուցիչ տեղեկություններ՝ պարզաբանելու ծանր թոքաբորբի պատճառը, հանրային առողջապահական գործողությունների պատճառը հանդիսացող հարուցիչը, և ստուգելու լրատվամիջոցներում տարածված լուրերը, որ երկրորդ աշխատակիցը տառապում է անհայտ պատճառի թոքաբորբով»։

«Ազատության» «Сибирь.Реалии» նախագիծ ավելի վաղ հայտնել էր, որ Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի 28-ամյա աշխատակցուհու մահից հետո այդ հաստատության ավելի քան 60 աշխատակցի մեկուսացրել են շենքում։

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, մահացած Դարյա Շիպիլովան լաբորատորիայում կոտրել է ժանտախտի հարուցիչը պարունակող փորձանոթը։ «Ռոսպոտրեբնադզորը» հերքում է այդ հաղորդագրությունները՝ պնդելով, որ Շիպիլովան մահացել է «չպարզված թոքաբորբից», նրա մոտ չեն հայտնաբերվել իր մասնագիտական գործունեության հետ կապված միկրոօրգանիզմներ, իսկ ինստիտուտում ախտածինների հետ աշխատանքի ընթացքում վթարներ չեն եղել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախնական գնահատականով՝ Իրկուտսկում ենթադրյալ ժանտախտի ռիսկը միջին է կամ ցածր, Ռուսաստանում՝ ցածր, իսկ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում՝ շատ ցածր, հայտարարել է ԱՀԿ խոսնակ Քրիստիան Լինդմայերը: Նա նշել է, որ սիբիրյան քաղաքում լաբորատորիայի աշխատակցուհու մահը մտահոգություններ է հարուցել հնարավոր ժանտախտի վերաբերյալ, և ԱՀԿ-ն ուշադրությամբ հետևում է իրավիճակին:

Հայաստանն առկախել է իր մասնակցությունը՝ Իրկուտսկի գիտահետազոտական ինստիտուտում ժանտախտին վերաբերող գիտաժողովին, «Ազատությանը» հայտնել են Առողջապահության նախարարությունից:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG