Մատչելիության հղումներ

ՌԴ դեսպանը կանչվել է Հարավային Կորեայի ԱԳ նախարարություն


Կիմ Չեն Ընը և Վլադիմիր Պուտինը համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ, Փհենյան, 19-ը հունիսի, 2024թ.
Կիմ Չեն Ընը և Վլադիմիր Պուտինը համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ, Փհենյան, 19-ը հունիսի, 2024թ.

Հարավային Կորեայում Ռուսաստանի դեսպանն այսօր կանչվել է երկրի արտգործնախարարություն։

Նրան բողոք է հղվել երեկ Փհենյանում Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև կնքված «Համապարփակ ռազմավարական համագործակցության մասին» պայմանագրի կապակցությամբ։

Հարավային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչությունը դեսպանի հետ զրույցի մանրամասները դեռ չի հրապարակել։

Վերջին շրջանում Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև լարվածությունն աճել է, մասնավորապես, Հյուսիսային Կորեայի զինվորների կողմից Հարավային Կորեայի հետ ամրացված ռազմական սահմանազագիծը հատելու պատճառով: Վերջին նման միջադեպը՝ երրորդը մեկ ամսվա ընթացքում, գրանցվել է այսօր՝ հունիսի 21-ին։

Նշվում է, որ այս միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի և Փհենյանի միջև փոխադարձ պաշտպանական օգնության համաձայնություն ձեռք բերելու, ինչպես նաև Սեուլի հայտարարության ֆոնին, թե կքննարկի Ուկրաինային զենք տրամադրելու հարցը՝ ռուսական ներխուժման դեմ պայքարելու համար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին «չէր բացառել» զենքի մատակարարումը Հյուսիսային Կորեային։ ԱՄՆ Պետդեպարտամենտն էլ սա «մտահոգիչ» էր համարել:

Հարավային Կորեայի և արևմտյան երկրների տվյալներով՝ Հյուսիսային Կորեան անցյալ տարի սկսել է զենքի և զինամթերքի լայնածավալ մատակարարումներ Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմում կիրառելու համար։ Մոսկվան և Փհենյանը հերքել են զենքի մատակարարման մասին տեղեկությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG