Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը 7.5 տարվա ազատազրկման պատիժը կրելուց հետո օրերս ազատ է արձակվել, «Ազատությանը» փոխանցեց նրա փաստաբան Նարինե Ռշտունին:
Հարցին՝ արդյոք Ռազգիլդեևը մեկնե՞լ է Հայաստանից, թե՞ շարունակում է ծառայությունը, փաստաբանը չպատասխանեց, նշելով, թե դա անձնական տվյալ է:
Գյումրեցի 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին դաժան ծեծի հետևանքով մահվան հասցնելու մեջ մեղադրվող Ռազգիլդեևը ռուսական ռազմաբազայից էր հեռավար մասնակցում դատական նիստերին: Մոտ 7 տարի տևած դատաքաննությունը, ըստ Ղուկասյանի դստեր՝ Անահիտի շահերի պաշտպանների, իրականացվել է կոպիտ խախտումներով, ինչի վերաբերյալ նախ Վերաքննիչ, ապա Վճռաբեկ դատարան բողոքներ էին ներկայացրել, սակայն դրանք վարույթ չեն ընդունվել: Փաստաբան Անի Չատինյանը փոխանցեց, որ ներպետական ատյանները սպառել են և դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: