Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը մտադիր չէ արձագանքել ամերիկացի պաշտոնակցի վիրավորանքին․ Պեսկով


Կրեմնլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Կրեմնլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգն այնպիսին է, որ ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի վերջին վիրավորանքներին պատասխանելը բնավ առաջնահերթություն չէ, ՏԱՍՍ ռուսաստանան լրատվական գործակալությանն ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Բայդենը ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ինչպես նաև Նորմանդիայում Ափհանման 80-ամյակին նվիրված ուղերձում Պուտինին անվանել է «բռնապետ»։

«Դա չի լինի գլխավոր հարց օրակարգում»,- ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք արդյոք Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում կխոսի ամերիկացի պաշտոնակցի հնչեցրած կշտամբանքի մասին:

ՏԱՍՍ-ը նշում է, որ Բայդենը մի շարք ելույթներում Պուտինին բնութագրել է «բռնակալ», «բռնապետ», անվանել է «խելագար» և «մարդասպան»:

Պեսկովն ասել է, որ նման խրոխտության օգնությամբ Բայդենը փորձում է ներկայանալ «հոլիվուդյան կովբոյի» կերպարով և հավելել է, թե «նման հայտարարությունները միայն խայտառակում են ԱՄՆ-ին»։

Ինքը՝ Պուտինը նշել է, թե այդպիսի վիրավորանքները համարում է արձագանք իր այն հայտարարությանը, որ «լինելով հին դպրոցի կանխատեսելի քաղաքական գործիչ՝ Բայդենը Ռուսաստանի համար ավելի նախընտրելի է որպես ԱՄՆ նախագահ, քան իր գլխավոր մրցակից Դոնալդ Թրամփը»։

Այդուհանդերձ ռուսաստանյան քաղաքական շրջանակներում և իշխանամետ մամուլում բազմիցս նկատել են տվել հենց հակառակը՝ գրեթե անթաքույց ողջունել են 2016 թվականին Թրամփի հաղթանակը Հիլարի Քլինթոնի նկատմամբ և դժվարությամբ են թաքցրել հիասթափությունը 2020-ին Ջո Բայդենի կողմից նրա կրած պարտության կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG