Մատչելիության հղումներ

Պուտին․ «Եթե եվրոպացիները հարվածեն մեզ՝ կպատասխանենք»

Քաղաքացիական ենթակառուցվածքներին վերջին ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանի նախագահը բացառում է ուղղակի բանակցություններն իր ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ։

«Ուկրաինացիները մշտապես ասում են, որ դեմ առ դեմ հանդիպում են ուզում կազմակերպել։ Բայց Զելենսկու նամակից երեք օր անց նրանք հարվածում են Ստարոբելսկին։ Արդյոք նման պայմաններում դեմ առ դեմ հանդիպման կամ բանակցությունների որևէ նախադրյալ առկա՞ է», - նշում է Ռուսաստանի նախագահը։

Վլադիմիր Պուտինի հռետորական այս հարցը հնչեց այսօր Կրեմլում՝ Ռուսաստանի ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների հետ հանդիպման ավարտին։ Դրա ընթացքում Ռուսաստանի նախագահը առաջին անգամ բավական մանրամասնորեն խոսեց երկրի տարածքին գրեթե ամեն գիշեր հասցվող ուկրաինական դրոնային հարվածների մասին։

«Ի՞նչ նպատակի են ծառայում քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ այդ հարվածները՝ ապակայունացնել մեր հանրությանը։ Բնական է, որ նման ծավալուն աջակցության պայմաններում, երբ ողջ Արևմուտքը նրանց համար է աշխատում, երբ ահռելի ծավալներով անօդաչու թռչող սարքեր են մատակարարվում, փորձ է արվում որոշակի անվստահություն հաղորդել Ռուսաստանի Զինված ուժերի գործողություններին։ Բայց այն ամենը, ինչ կատարվում է ռազմաճակատում, նրանք փակագծերից դուրս են թողնում», - հայտարարում էր Վլադիմիր Պուտինը։

Իսկ ռազմաճակատում, ըստ Պուտինի, ի տարբերություն թիկունքի, ռուսական կողմի գործերն ավելի լավ են ընթանում։ Նրա խոսքով՝ ռուսական ուժերը ամենամոտ ապագայում գրավելու են Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքը։ Ռուսաստանի նախագահի պնդմամբ՝ երկրի Զինված ուժերն արդեն իսկ քաղաքում են, իսկ ուկրաինացիների պաշտպանությունը օջախային բնույթ ունի։ Ռուսաստանի նախագահի այս պնդումն, ի դեպ, նախօրեին հաստատել էր նաև BBC-ն։

Բրիտանական լրատվամիջոցի տեղեկություններով՝ մինչև պատերազմը շուրջ 80 հազար բնակիչ ունեցող Կոնստանտինովկան այժմ գտնվում է այսպես կոչված գորշ գոտում։ Դա նշանակում է, որ հիմնական ուկրաինական ուժերը Կոնստանտինովկայից արդեն իսկ նահանջել են, իսկ ռուսականները քաղաքում դեռ չեն ամրացել։

Կոնստանտինովկայի կորուստը Ուկրաինայի համար կարող է ծանր հետևանքներ ունենալ, քանի որ այն Դոնեցկի մարզում այս պահին Կիևի կողմից վերահսկվող միակ խոշոր քաղաքի՝ Կրամատորսկի փաստացի արվարձանն է։

Ռազմական բուհերի շրջանավարտների հետ շփման ընթացքում այսօր Ռուսաստանի նախագահը չշրջանցեց նաև եվրոպական պետությունների հետ հարաբերությունների թեման՝ ընդգծելով՝ արևմտյան պետությունները թեև լայնամասշտաբ ռազմական աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային, այնուհանդերձ, ուղղակիորեն պատերազմական գործողությունների ներքաշվել չեն շտապում։

«Նրանք դեռ չեն հասել այն վիճակին, որ իրենց տարածքից ինչ-որ բաներ արձակեն։ Նրանք հասկանում են, որ պատասխան հարված կլինի», - հայտարարում է Պուտինը։

Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումներին այսօր անդրադարձել է նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը այսօր ընդունել է, որ ուկրաինական հակամարտությանը վերջ տալու ամերիկյան ջանքերը տապալվել են։

«Չէի ցանկանա կասկածել անգամ, որ Ալյասկայում անցած տարի կայացած գագաթաժողովը կամ եվրոպական առաջարկները զուտ ժամանակ շահելու և ուկրաինացիներին վերազինելու նպատակ էին հետապնդում։ Բայց, ունենք այն, ինչ ունենք», - այսօր հայտարարել է Լավրովը։

Ռուսաստանի ԱԳՆ խոսքով՝ գոնե այս պահին պաշտոնական Մոսկվան շարունակում է կենտրոնացած լինել այն խնդիրների վրա, որոնք հրատապ են ռազմի դաշտում, այլ ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ։ Դրա հետ մեկտեղ, ըստ Լավրովի, բանակցությունները բացառված չեն, ճիշտ է, Մոսկվայի նախապայմաններին համապատասխան։

«Մենք պատրաստ ենք խոսել Կիևի հետ այնպես, ինչպես նախկինում էինք պատրաստ։ Մենք պատրաստ էինք նրանց հետ խոսել Ստամբուլում 2022 թվականին։ Մենք պատրաստ ենք վերսկսել այդ բանակցությունները ցանկացած պահի, այն կետից, որտեղից դրանք ընդհատվել են», - հայտարարում էր Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Մոսկվայից հնչող այս հայտարարությունների ֆոնին Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Անցած գիշեր ուկրաինական անօդաչուների թիրախում է հայտնվել օկուպացված Ղրիմում գտնվող Կերչի ջերմաէլեկտրակայանը։ Իսկ Սևծովյան նավատորմի տեղակայման բազայում՝ Սևաստոպոլում, տեղական իշխանությունները հրահանգել են անջատել քաղաքի փողոցների արտաքին լուսավորությունը, երեկոյան ժամը 10-ից հետո արգելվել է հանրային տրանսպորտի աշխատանքը, երեկոյան ժամերին չպետք է աշխատեն նաև Սևաստոպոլում գործող ռեստորանները և սրճարանները։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG