Մատչելիության հղումներ

«Ադրբեջանցիները ՀՀ-ում նոր դիրք են կառուցել». լրագրողների ուսումնասիրությունները հաստատում են Թաթոյանի պնդումը

«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանի ամբիոնից ստել է՝ հանրությունից թաքցնելով, որ ադրբեջանցիները Հայաստանի ինքնիշխան տարածքում անցած տարի նոր դիրք են կառուցել», այսօր այս պնդմամբ Պաշտպանության նախարարության մոտ մարդու իրավուքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի թիմակիցներն էին հավաքվել և նախարարից պարզաբանում էին պահանջում.

«Սրանք այն փաստաթղթերն են, որոնք ես պատրաստվում եմ հանձնել Պաշտպանության նախարարություն՝ նախարար Սուրեն Պապիկյանից պատասխան պահանջելով, թե ինչու են նրանք հերթական անգամ խաբել, ստել մեր հասարակությանը, չեն ասել, որ Ադրբեջանը ներխուժում է իրականացնել, մասնավորապես՝ Վարդենիսի տարածաշրջանի հատվածում տեղի է ունեցել դիրքային առաջխաղացումներ, ամրացրել են նրանք իրենց դիրքերը»,- ասում է «Միասնության թևեր» քաղաքական միավորման ներկայացուցիչ Նարեկ Պարոնյանը։

Որ ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներում ավելի են ամրապնդվել ու տեղ-տեղ էլ առաջ եկել, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավարը հայտարարել էր անցած շաբաթ: Ասածը հիմնավորել էր արբանյակային լուսանկարներով: Արման Թաթոյանին նույն օրը խորհրդարանում կտրուկ ու շատ կարճ էր արձագանքել պաշտպանության նախարարը. «Ձեր նշած անձնավորությունը [Արման Թաթոյանը] ստում է, նման բան չկա, սիրելի հայրենակիցներ»:

Արման Թաթոյանի թիմակիցներն էլ պնդում են. «Պարոնայք, մենք ունենք փաստեր, մենք ունենք արբանյակային լուսանկարներ, մենք ունենք կորդինատներ, մենք բոլոր փաստերը ունենք։ Եթե դուք կարող եք, ապա ոչ թե մերկապարանոց հայտարարություններ արեք, այլ հստակ փաստերով հերքեք։ Եթե չեք հերքում, պատասխան տվեք մեր հանրությանը»։

Լրագրողները ստուգել են պաշտոնյաների հայտարարությունները

Պաշտպանության նախարարի և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամների այս փոխադարձ մեղադրանքներին զուգահեռ «Սիվիլնեթն» ու «Ֆակտոր Թիվի»-ն ստուգել են Արման Թաթոյանի հայտարարությունները և պարզել, որ ամռանը Սոթքի հատվածում ադրբեջանցիները նոր դիրք են կառուցել, որի մի հատվածն էլ Հայաստանի սուվերեն տարածքում է: Այդ դեպքում ինչո՞ւ էր նախարար Պապիկյանը խորհրդարանում պնդում, թե Արման Թաթոյանը «ստում է» և ինչպե՞ս են Հայաստանի իրավասու մարմիններն արձագանքել Հայաստանի տարածքում դիրքեր կառուցելու Բաքվի քայլերին: Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ռազմական գերատեսչությունից, սակայն խոսնակը մեր զանգերին օրվա ընթացքում այդպես էլ չպատասխանեց:

«Իրականությունը շատ պարզ է, որ, այո, ադրբեջանական կողմը որոշ բարելավումներ արել է»,- հայ-ադրբեջանական հակամարտությունները լուսաբանած լրագրող Թաթուլ Հակոբյանը չի հասկանում՝ իշխանության ներկայացուցիչները ինչու են թաքցնում, որ Ադրբեջանը հայկական տարածքներն օկուպացնելուց հետո դիրքեր կառուցելով ամրապնդվում է Հայաստանի սուվերեն տարածքում: Հակոբյանը ուշադրություն է հրավիրում հատկապես այն հանգամանքի վրա, որ մի այդպիսի դիրք կառուցվել է օգոստոսին, երբ Երևանն ու Բաքուն Վաշինգտոնում հայտարարում էին, թե խաղաղություն է հաստատված: Նրա կարծիքով՝ իշխանությունն առհասարակ փորձում է մոռացության մատնել օկուպացված տարածքների հարցը:

«Պաշտոնական երևանի քաղաքականությունն է, որ, այո՛, հնարավորինս շատ քիչ հիշենք այդ 250 քառակուսի կիլոմետրի մասին և ավելի շատ գովենք, գովաբանենք, ինչպես իրենք են անում, ասենք, ադրբեջանական բենզինը և չգիտեմ, խաղաղությանը օժանդակող այլ որոշակի գործողություններ»,- շեշտում է Թաթուլ Հակոբյանը։

Իշխանության ներկայացուցիչները վստահեցնում են, որ օկուպացված տարածքների հարցը լուծվելու է հայ-ադրբեջանական սահմանազատմամբ: Ըստ պաշտոնական Երևանի՝ Ադրբեջանը օկուպացված է պահում Հայաստանի տարածքից ավելի քան 200 քառակուսի կմ: Թաթուլ Հակոբյանի տեղեկություններով՝ Բաքուն զավթած յուրաքանչյուր հատվածի համար քարտեզ է պատրաստել, որպեսզի սահմանազատման ընթացքում դրանք օգտագործելով հայկական տարածքները ներկայացնի որպես ադրբեջանական: Իսկ սահմանազատման հայ - ադրբեջանական փաստաթղթում որևէ թվականի կոնկրետ քարտեզ չի ամրագրվել:

Հակոբյանի խոսքով.- «Այսինքն իրենք մի քարտեզով չեն առաջնորդվելու և ամեն մի զավթված տարածքի համար, եթե նույնիսկ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների ընթացքում այդ, տարածքների փոխանակման էս գործընթացը լինի, միևնույն է, ադրբեջանական կողմը փորձում է դա հիմնավորել, որ էս տարածքները մերն են»։

Արման Թաթոյանը նաև պնդել էր, որ Հայաստանի տարածքում Բաքուն ճանապարհ է կառուցել: Այս դեպքում ևս «Սիվիլնեթը» պարզել է, որ ադրբեջանական կողմն, իսկապես, Հայաստանի տարածքում բարելավել է դեպի իր դիրքեր տանող ճանապարհները։ Թաթոյանը նաև պնդել է, թե Ջերմուկի հատվածի օկուպացված տարածքում տեղակայված երկու դիրքում ևս «հապշտապ» ամրաշինական աշխատանքներ են արվել: Այս դեպքում, սակայն, ըստ «Սիվիլնեթ»-ի, դեռ 2023-ին են աշխատանքներ իրականցվել: Եվ մինչ լրագրողներն ուսումնասիրում են պաշտոնյաներին և նրանց ընդդիմախոսների պնդումները, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Լիլիթ Մինասյանը Սուրեն Պապիկյանի հետ հարցուպատասխանի ընթացքում առաջարկում էր օրենսդրական մի լուծում, որով լրագրողներին կարգելվի պետական գերատեսչության հերքումից հետո թեմային անդրադառնալ:

Լիլիթ Մինասյան.- «Քանի որ հիբրիդային հարձակումները և խաղաղության դեմ ուղղված նյուանսները շատանալու են էս ընթացքում՝ նախընտրական փուլում, ես կարծում եմ, որ մենք պետք է օրենսդրական մեխանիզմով արգելենք, որ, եթե, օրինակ, լիազորված մարմինը հայտարարում է, որ նման բան տեղի չի ունեցել, այդ լուրերը տիրաժավորելը և պատասխանատվության ենթարկենք լրատվամիջոցներին, օրինակ, որոնք որ շարունակում են այդ լուրերը տարածել»։

Սուրեն Պապիկյան.- «Շնորհակալ եմ, կարող ենք համատեղ աշխատել դրա շուրջ, մենք դեմ չենք»։

Լրագրող Թաթուլ Հակոբյանը տարակուսած է. «Դա մի ցուցիչ կլինի, որ Հայաստանը, խոսելով արևմտյան արժեքների, Եվրամիության մոտենալու մասին, գնում է դեպի արևելք, դեպի բռնատիրական երկրներ»։ Հակոբյանը նշում է՝ ինչպե՞ս կարող են նման նախաձեռնությամբ հանդես գալ և արգելել լրագրողներին իրենց աշխատանքն անել: Իսկ պաշտոնյաները, հատկապես անվտանգային հարցերով, ասում է՝ միշտ չէ, որ ճշգրիտ տեղեկություն են տալիս: Հիշեցրեց 44-օրյա պատերազմի պաշտոնական լրահոսը, որ ապատեղեկատվության ցայտուն օրինակներից էր:

XS
SM
MD
LG