Մատչելիության հղումներ

Փեզեշքիանն ընդունում է՝ պատերազմի և պատժամիջոցների ֆոնին «բազմաթիվ խնդիրներ» կան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան, արխիվ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան, արխիվ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է, որ երկիրը սոցիալական դժվարությունների է բախվում՝ Միացյալ Նահանգների հետ հակամարտության, ինչպես նաև Թեհրանի դեմ Վաշինգտոնի՝ նոր սաստիկ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների ֆոնին։

«Ես հասկանում եմ, որ այսօր մեր հասարակությունում բազմաթիվ խնդիրներ կան: Մենք փորձում ենք հնարավորինս կանխել դրանք», - այսօր պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում ասել է Փեզեշքիանը:

Նա ընդգծել է, որ կառավարությունը հանձնառու է նվազեցնելու գնաճը, որը լայն թափ է ստացել փետրվարի վերջին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների մեկնարկից և դրան հաջորդած իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակումից ի վեր:

Փեզեշքիանը խոսել է նաև «ջրի, էլեկտրաէներգիայի, գազի, վառելիքի, շրջակա միջավայրի և բանկային ոլորտի համակարգային խնդիրների» մասին:

Նախագահի խոսքով՝ 2024-ի հուլիսին՝ իր պաշտոնն ստանձնելուց ի վեր, Իրանը պատերազմի, պատժամիջոցների, քաղաքական ճնշումների և սպանությունների համակցությանն է բախվում։

Փեզեշքիանը համոզմունք է հայտնել, որ Իրանը կարող է դիմանալ ճնշմանը՝ նշելով, որ ժողովուրդը «դիմադրողականություն և համերաշխություն է ցուցաբերել»:

Հայտարարությունը հնչում է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի ծրագրված ելույթից առաջ, որն այսօր պետք է ճեպազրույց անցկացնի լրագրողների հետ՝ ներկայացնելու Իրանի դեմ, իր բնորոշմամբ, «պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները»:

«Աշխարհը պետք է հասկանա, որ մեր նպատակն է կտրել բռնատիրական ռեժիմը սնուցող յուրաքանչյուր տնտեսական զարկերակ, քանի դեռ Թեհրանը լիովին մենակ չի մնացել», - գրել էր Բեսենթը Financial Times-ում հրատարակված իր հոդվածում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ շաբաթ սպառնացել էր ավելացնել Իրանի դեմ ճնշումը։

XS
SM
MD
LG