Մատչելիության հղումներ

Հարազատ գյուղում հրաժեշտ տվեցին պայթյունից զոհված զինծառայողին

Շիրակի մարզի Հայրենյաց գյուղում այսօր հրաժեշտ էին տալիս Դմիտրի Կյուրեղյանին: Երեկ կեսօրին արդեն հայտնի էր, որ պայթյունից զոհված պայմանագրային զինծառայողն իրենց համագյուղացին է:

23-ամյա Դմիտրիի հարազատներից Մայիս Հարությունյանն ասում է՝ բազմաթիվ անպատասխան հարցեր ունեն: Երիտասարդին ինքն է գրեթե միշտ զորամաս տարել ու բերել, պնդում է, որ նա ծառայությունից գոհ էր, ավելին՝ ուզում էր հինգ տարին լրանալուց հետո շարունակել աշխատանքը բանակում:

Արդեն մեկ օր է անցել, բայց դեռ պարզ չէ՝ ի՞նչ պայթյուն է եղել, զորամասո՞ւմ է եղել, թե՞ դրանից դուրս:

Մինչ Պաշտպանության նախարարությունը դեպքի մասին կցկտուր տեղեկություն հրապարակեց, իսկ Քննչականը դեպքից մեկ օր անց էլ չի հստակեցնում, թե ինչ հոդվածով է քննում բանակի այս ողբերգական միջադեպը, մամուլում տարբեր վարկածներ սկսեցին շրջանառվել, թե դիրքում վիճաբանություն է եղել, ու Դմիտրին նռնակը պայթեցնելով ինքնասպանություն է գործել: Հարազատները սա բացառում են:

«Որոշ լրատվամիջոցներ դեպքերից ընդամենը ժամեր անց, երբ դեռ ընթանում են քննչական գործողություններ, շտապում են դրանց վերաբերյալ եզրահանգումներ և որակումներ ներկայացնել: Պաշտպանության նախարարությունը նման գործելաոճն անընդունելի է համարում», - հայտարարել է ռազմական գերատեսչությունը՝ կոչ անելով լրատվամիջոցներին «զերծ մնալ չհաստատված տեղեկությունների տարածումից և առաջնորդվել զինծառայողի ընտանիքի լավագույն շահերով»:

Այս դեպքից առաջ ընթացիկ տարվա ութ ամիսներին բանակում ոչ մարտական պայմաններում արդեն 14 զինծառայող է զոհվել, գործերը քննվում են սպանության, ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու հոդվածներով:

Դմիտրին ընտանիքի ավագ զավակն էր, նրա կրտսեր եղբայրը ևս պայմանագրային զինծառայող է:

«Ազատության» հաղորդումը՝ ստորև.

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG