ԱՄՆ-ն կշարունակի հարվածել Իրանին և այսօր պատերազմի ընթացքում ամենաինտենսիվ հարվածները կհասցվեն, ռազմարշավի 14-րդ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:
Փիթ Հեգսեթը հայտնել է, որ Իրանում առ այսօր 15,000 թիրախի են հարվածել և ոչնչացրել են նրանց հարձակողական կարողությունների մեծ մասը, շուտով կոչնչացվեն նաև պաշտպանության ոլորտի բոլոր ընկերությունները, որպեսզի չկարողանան զենք արտադրել:
Նախարարի պնդմամբ՝ Իրանի ղեկավարությունը հուսահատված է և թաքնվել է գետնի տակ, ինչպես անում են «առնետները»։ ԱՄՆ-ն տեղյակ է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը վիրավոր է, հավանաբար, այլանդակված, դրա համար էլ խուսափում է երևալ հանրությանը և առաջին ուղերձը տեքստային էր, ոչ թե տեսանյութ:
«Նրա հայրը մահացած է։ Նա վախեցած է, վիրավոր, փախուստի մեջ է և զուրկ լեգիտիմությունից։ Սա խառնաշփոթ է նրանց համար։ Ո՞վ է պատասխանատու Իրանում։ Նույնիսկ Իրանը կարող է չիմանալ դա», - նշել է Հեգսեթը։
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի կառավարական ենթակառուցվածքներին Թեհրանում
Իսրայելի բանակը հայտնել է, որ լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանի կառավարական ենթակառուցվածքներին Թեհրանում, որտեղ այսօր Ալ Ղոդսի օրը՝ Ռամադանի վերջին ուրբաթը նշելու միջոցառմանը հազարավոր մարդիկ են մասնակցել:
Իսրայելը հարվածել է նաև Շիրազ, Ահվազ, Քարաջի և Արաք քաղաքներին։ Կան զոհեր և վիրավորներ: Ըստ իսրայելական կողմի՝ վերջին մեկ օրում ավելի քան 200 թիրախի են հարվածել Իրանում:
Կարմի մահիկի տվյալներով՝ պատերազմի ընթացքում ամերիկա-իսրայելական ուժերը Իրանում 24,000-ից ավելի քաղաքացիական թիրախի են հարվածել, որոնցից մոտ 20,000-ը՝ բնակելի: Իրանում առ այսօր սպանվել է 1348 մարդ, վիրավորվել ավելի քան 17,000-ը:
Իրանին զուգահեռ Իսրայելը Լիբանանում հարվածել է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի հրամանատարական կետերին՝ պնդելով, որ դրանք օգտագործվում են Իսրայելի վրա հարձակումների համար: Կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում:
«Հեզբոլա»-ն իր հերթին հայտարարել է, որ հարվածել է Իսրայելի ռազմական թիրախներին:
Պատերազմի ընթացքում Լիբանանում սպանվել է 687 մարդ, վիրավորվել ավելի քան 1500-ը:
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ «ջախջախում են» Իրանի ռեժիմն ու նրա աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ին: Իսրայելը նաև փորձում է պայմաններ ստեղծել, որպեսզի իրանցի ժողովուրդը կարողանա հեռացնել «բռնակալ ռեժիմին», պատերազմի ընթացքում հրավիրած առաջին մամուլի ասուլիսին ասել Բենյամին Նեթանյահուն։ Նա նաև հայտարարել է, թե Իրանի նոր գերագույն առաջնորդը «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խամաճիկն» է, որը դեռ չի ներկայացել հանրությանը:
Իսկ ի՞նչ է սպասվում Իրանի նոր գերագույն առաջնորդին և «Հեզբոլա»-ի ղեկավարին, հետաքրքրվել են լրագրողները: Նեթանյահուն ակնարկել է, որ կարող են սպանել նրանց. «Ես կյանքի ապահովագրության պոլիսներ չէի տրամադրի ահաբեկչական կազմակերպության որևէ առաջնորդի… և մտադիր չեմ ճշգրիտ հաշվետվություն տալ, թե ինչ ենք պլանավորում կամ ինչ ենք անելու»։
ԱՄՆ նախագահն իր հերթին հայտարարել է, որ «ամբողջությամբ ոչնչացնում» են Իրանի ահաբեկչական ռեժիմը: Դոնալդ Թրամփն ասել է, թե Իրանն «ահաբեկչության և ատելության երկիր» է, որն «այժմ մեծ գին է վճարում»: Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, թե իր համար «մեծ պատիվ է» իրանական ռեժիմի առաջնորդներին սպանելը, որոնց «խելագար սրիկաներ» է անվանել։
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Իսրայելին ու Պարսից ծոցի երկրներին
Իրանն իր հերթին հայտարարել է Իսրայելին լայնամասշտաբ հարվածներ հասցնելու մասին, այդ թվում՝ հյուսիսային Կիրյաթ, Շմոնա, Հադերա, Զարզիր և Հայֆա քաղաքներին, նաև ամերիկյան բազաներին։ Իրանական Fars գործակալությունը հաղորդում է, որ Իսրայելում 110-ից ավելի վիրավոր կա:
Պատերազմի ընթացքում Իսրայելում սպանվել է 15 մարդ, վիրավորների թիվը մոտենում է 3000-ի:
Իրանը միաժամանակ հարվածել է նաև Պարսից ծոցի երկրներին: Իրաքի Էրբիլ շրջանում անօդաչուի հարվածից վիրավորվել է ֆրանսիացի վեց զինվոր, որոնք ահաբեկչության դեմ պայքարի պատրաստություն էին անցնում:
Դուբայում ԱԹՍ-ները հարվածել են քաղաքացիական օդանավակայանին կից ֆինանսական ենթակառուցվածքի: Հարձակման են ենթարկվել նաև Սաուդյան Արաբիան, Օմանը, որտեղ զոհեր կան: Իրաքում կործանիչներ լիցքավորող ամերիկյան ինքնաթիռ է վթարվել, ըստ ամերիկյան կողմի՝ տեխնիկական պատճառներով: Անձնակազմի վեց անդամից չորսը զոհվել են:
ՄԱԿ-ի տվյալներով՝ պատերազմի հետևանքով Մերձավոր Արևելքում 4 միլիոնից ավելի մարդ է իր բնակության երկրում տեղահանվել, որից մոտ մեկ միլիոնը՝ Իրանում:
Դեռ փակ է Հորմուզի նեղուցը, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը: Իրանը թուրքական նավերից մեկին թույլ է տվել անցնել նեղուցով:
ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ փակ պահել նեղուցը և ստեղծված իրավիճակի համար ԱՄՆ-ին է մեղադրել. «Դա ավելի շուտ Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ ագրեսիա սկսելու և տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու ապակայունացնող գործողությունների ուղղակի հետևանքն է»։
Հորմուզի փակ լինելու հետևանքով նավթի գինը դեռ բարձր է՝ ավելի քան 100 դոլար մեկ բարելի դիմաց: ԱՄՆ-ն հայտարարել է, որ նավթի պահանջարկը բավարարելու և շուկայում կայունություն ապահովելու նպատակով 30 օր թույլ է տալիս գնել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթն ու նավթամթերքը, որն արդեն բեռնված է նավերում: