Մինչ Հայաստանի վարչապետը փակում է պատմական արդարության էջը՝ դա համարելով վնասակար խաղաղության համար, Ադրբեջանը երկրորդ օրն է՝ հայերին մեղադրում է այսպես կոչված «ցեղասպանություն անելու» համար:
Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն է հայտարարություն տարածել, թե 108 տարի առաջ «արմատական հայկական խմբավորումները ադրբեջանցիների զանգվածային սպանություններ են իրագործել»։ Երեկ էլ օմբուդսմեն Սաբինա Ալիևան էր միջազգային կազմակերպություններից ու ՄԱԿ-ից պահանջել, ինչպես ձևակերպել էր, 1918 թվին «հայերի կողմից ադրբեջանցիների դեմ կատարված էթնիկ զտումները» ճանաչել որպես ցեղասպանություն։
«Ես այդ խոսույթը համարում եմ վնասակար, որովհետև մենք կարող ենք ասել էթնիկ զտում, հայելային ստանանք էթնիկ զտում, հետո ցեղասպանություն, հայելային ցեղասպանություն, ամեն ինչը հայելային: Դա նշանակում է մուտք գործել կոնֆլիկտի ճանապարհ», - նախորդ շաբաթ ասել էր վարչապետ Փաշինյանը:
«Իրականում Փաշինյանի ասածը հանցանք է մարդկության դեմ»
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասում է՝ Ադրբեջանն առաջին տարին չի անում նման հայտարարություն: Կարծում է՝ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջվա իր խոսքով փորձում էր կանխել Բաքվի երեկվա ու այսօրվա պնդումները:
«Քաղաքացին հարց է տալիս՝ լավ, եթե այդպես է՝ խաղաղություն է, համաձայնության եք եկել, բա ո՞նց է Ադրբեջանը շարունակում նույն նարատիվները՝ Խոջալու, մարտի 31, այսպես նույն նարատիվներով խոսել, - ասաց նա, շարունակելով, - Իրականում Փաշինյանի ասածը հանցանք է մարդկության դեմ, ոչ թե մենակ Հայաստանի Հանրապետության դեմ, ռուանդացու դեմ, բոսնիացու դեմ, հրեայի դեմ, որովհետև պատմական արդարությունը և հիշողությունն անհնար է քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված ուղղակի ուրանալ, ուղղակի մոռացության տալ»։
Պատմական արդարության հետևից գնալը նոր կոնֆլիկտների հիմք համարող վարչապետը 2020-ին, 2021-ին, անգամ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո՝ 2023 թվին, հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին: 2023 թվականի հաղորդագրությունը վարչապետի պաշտոնական կայքէջում վերջինն է:
«Ես կարծում եմ, որ պետք է արդար իրականության հետևից գնալ և ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու հետևից գնալ», - ավելի վաղ ասել էր Փաշինյանը:
Ընդդիմադիր Գեղամ Մանուկյանը չի հասկանում՝ ինչպե՞ս կարելի է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման կամ Հայոց ցեղասպանության մասին չխոսել:
«Փաշինյանի այս մոտեցումն ապտակ է, անարգանք է տարբեր երկրներում տասնամյակներով գործունեություն ծավալած այն բոլոր հասարակական-քաղաքական գործիչներին, պատմաբաններին, ակադեմիկներին, ովքեր, ազգությամբ հայ չլինելով, հայ ժողովրդի ողբերգության այդ իրավունքի պաշտպանությունը դարձրել են իրենց կյանքի նպատակ։ Դա որ լսեցի, հիշեցի թուրք հայտնի հասարակական գործիչ, գրող Զարաքոլուին, որը քաղաքական վտարանդիության մեջ է Սկանդինավիայում։ Մարդը բանտ է նստել, դատվել է՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված Թուրքիայում գրքեր տպելու համար։ Հիմա ո՞նց եմ նայելու ես Զարաքոլուի աչքերին», - նշեց Գեղամ Մանուկյանը։
Վարչապետի թիմակիցներից այսօր չհաջողվեց պարզել՝ ինչպես են գնահատում Բաքվից այսպես կոչված «հայերի իրականացրած ցեղասպանության» մասին հնչած պնդումները: «Ազատության» հեռախոսազանգերին մի քանի պատգամավոր չպատասխանեց: