Երկօրյա աշխատանքային այցով Թուրքմենստան ժամանած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենբաշիում հանդիպումներ է ունեցել այդ երկրի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ:
ՀՀ կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ Հայաստանի և Թուրքմենստանի ղեկավարները մտքեր են փոխանակել երկու երկրների հարաբերությունների օրակարգին առնչվող տարբեր հարցերի շուրջ: Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգիռ է ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ ու խորացմամբ:
Միրզիյոևի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Կարևորվել է առևտրատնտեսական կապերի զարգացումն ու ընդլայնումը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների շուրջ: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային փոխգործակցության խթանումը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Վարչապետ Փաշինյանը Թուրքմենստան է մեկնել՝ մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին: Այսօր ճեպազրույցում նա լրագրողներին ասաց, որ Թուրքմենստանում և՛ Ռուսաստանի, և՛ Ադրբեջանի նախագահների հետ շփումներ կլինեն, բայց պաշտոնական հանդիպումներ նախատեսված չեն: