Մատչելիության հղումներ

Պուտինի և Ալիևի հետ շփումներ կլինեն, բայց հանդիպումներ պաշտոնապես նախատեսված չեն. Փաշինյան

Թուրքմենստանում և՛ Ռուսաստանի, և՛ Ադրբեջանի նախագահների հետ շփումներ կլինեն, բայց պաշտոնական հանդիպումներ նախատեսված չեն, այսօր նախքան թուրքմենական Ավազա մեկնելը լրագրողներին հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

«Եթե հընթացս պարզվի, որ կա անհրաժեշտություն [պաշտոնական հանդիպման], գուցե դա էլ հնարավոր կլինի: Բայց շփումներ, զրույցներ լինելու են, նախկինում էլ եղել է՝ տեղում պայմանավորվել, խոսել ենք», - ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն այսօր կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին: Գագաթնաժողովին մասնակցելու են նաև Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները:

Նախօրեին Վլադիմիր Պուտինի օգնականն ասել է, որ գագաթնաժողովի շրջանակներում Պուտին - Փաշինյան առանձին երկկողմ հանդիպում նախատեսված չէ:

Վարչապետ Փաշինյանը Պուտինի և Ալիևի հետ վերջին անգամ հանդիպել էր Բիշքեկում՝ սեպտեմբերի 1-ին: Վլադիմիր Պուտինի հետ Փաշինյանը պայմանավորվել էր առաջիկայում ևս մեկ հանդիպում անցկացնել Մոսկվայում, սակայն դրա ժամկետը դեռ համաձայնեցված չէ:

​
XS
SM
MD
LG