Մատչելիության հղումներ

Պապիկյանի հայտարարություններից մեկ օր անց՝ նոր մահ բանակում


Այսօր առավոտյան՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Պաշտպանության նախարարությունը մանրամասներ չի հաղորդում՝ ինչ հանգամանքներում է մահացել զինվորը, քանի տարեկան էր նա, ասելով միայն, թե քննություն է ընթանում։

Սա այս տարվա առաջին ողբերգական լուրն էր բանակից, դեռ երեկ նախարար Սուրեն Պապիկյանը վստահ խոսում էր շոշափելի արդյունքների մասին։

«2025 թվականին մենք ունենք շոշափելի արդյունքներ այս ուղղությամբ, և սա վերաբերում է հիմնականում կանոնադրային հարաբերությունների խախտմանը և դրա հետևանքով սպանությունների դեպքերին: Ես պիտի արձանագրեմ, որ 2025 թվականին այդպիսի դեպքեր չեն արձանագրվել», - երեկ ասաց Պապիկյանը:

Նախարարը միայն ավելի ուշ լրագրողների ճշտող հարցերին պատասխանելիս խմբագրեց իր այս հայտարարությունը. 2025-ին զոհվել է 30 զինծառայող, որից 6-ը՝ ծառայության հետ կապված հանգամանքներում, 24-ը՝ ծառայության հետ չկապված հանգամանքներում։ Նախորդ տարվա 6 մահվան դեպքից 2-ը, ըստ Պապիկյանի, ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքերն են եղել, մեկը՝ կայծակնահարություն, մեկը՝ հոսանքահարման, մյուս երկուսը՝ առողջական խնդիրների պատճառով։

Ի դեպ, անցած տարվա վերջին ողբերգական հաղորդագրությունը մի քանի շաբաթ առաջ տարածվեց՝ ժամկետային զինծառայող Սմբատ Կիրակոսյանի դին էին հայտնաբերել, իրավապահները հայտարարեցին, թե նա իրեն ամրակցված զենքից կրակել է գլխին:



Ոչ մի խոսք այն մասին, թե ինչ պայմաններում անցած տարի հունիսին մահացավ պայմանագրային զինծառայողը, նկատում է նախարարի երեկվա ասուլիսը լսած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը։

«Երբ նախարարը նշեց, որ 2025 թվականին տեղի չեն ունեցել սպանության դեպքեր, ես միանգամից հիշեցի այս տարվա հունիսին տեղի ունեցած դեպքը, երբ աշխարհազորի պայմանագրային զինծառայողը ենթարկվել էր դաժան ծեծի վերադաս հրամանատարի կողմից։ Իհարկե, դեպքը տեղի էր ունեցել զորամասի տարածքից դուրս՝ մեր ունեցած տվյալներով։ Ամեն դեպքում տեղի է ունեցել վերադաս հրամանատարի կողմից ենթակայի նկատմամբ բռնություն, որի հետևանքով զինծառայողը, տեղափոխվելով հիվանդանոց, մահացել է, այսինքն՝ խոսել միջանձնային հարաբերությունների բացակայության պայմաններում սպանությունների բացակայության մասին շատ վաղ է, քանի դեռ մենք գոնե թե առնվազն մեկ դեպք ունենք սպանության հետևանքով: Չնայած քրեական գործը հարուցվել է ոչ սպանության հետևանքով, ամեն դեպքում տեղի է ունեցել միջանձնային հարաբերությունների հետևանքով վեճ, կռիվ, և արդյունքում զինծառայողը մահացել է», - «Ազատությանն» ասաց բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպանը:

Նազելի Մովսեսյանն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքին, որ նախարարը թեպետ վերջում խոսեց ինքնասպանության դեպքերի մասին, սակայն շրջանցեց հանգամանքները. «Վերահսկողության բացակայության, զինծառայողների միջև միջանձնային հարաբերությունների, ոչ առողջ հարաբերությունների առկայության պայմաններում են տեղի ունենում ինքնասպանության հասցնելու դեպքերը:

Մենք ցանկացած զինծառայողի մահվան դեպքը դիտարկում ենք որպես լուրջ մարտահրավեր պաշտպանական գերատեսչության համար, որովհետև պետք է դեպքի հանգամանքները պարզվեն, թե արդյոք եթե նույնիսկ զինծառայողը ինքնասպանություն է գործել զորամասի տարածքից դուրս կամ ինչ-որ իր բնակարանում, ի՞նչն է նրան դրդել այդ քայլին»:

Թերևս նաև այս պատճառով իրավապաշտպանների ու պաշտոնական թվերի միջև լուրջ հակասություններ են լինում։ Ու մինչ Պապիկյանը երեկ հաշվում էր ծառայության հետ կապված վեց մահվան դեպք, իրավապաշտպանների վիճակագրությունն առնվազն 3 անգամ ավելին է՝ 19-ի մասին է:

Ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել այսօրվա ողբերգությունը, կա՞ն կասկածյալներ, մեղադրյալներ՝ այս հարցերին պատասխաններ չկան։ Քննչական կոմիտեն «Ազատության» զանգերին չի պատասխանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG