Հայաստանում այս տարվա 9 ամիսների տվյալներով ամենամեծ հարկատուն հեռախոսների, տեխնիկայի ու դրանց աքսեսուարների ներմուծմամբ, վաճառքով զբաղվող Mobile Centre ընկերությունն է։
Խոշոր գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը հսկայական աճ գրանցեց 2022-ից՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից հետո՝ պատժամիջոցների տակ ընկած Ռուսաստան կատարած վերաարտահանումների շնորհիվ։ Այս տարվա 9 ամիսներին Mobile Centre-ը բյուջե է վճարել 64.3 մլրդի հարկեր։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության հարկերն աճել են 22 տոկոսով։
Երկրորդ ամենամեծ հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ վճարած ավելի քան 60 մլրդ 800 մլն դրամի հարկերով։ Հայաստանի հանքարդյունաբերության առաջատարը անցած տարվա նույն ժամկետի հետ համեմատած ավելի է վճարել 24.7 մլրդ դրամ (64 տոկոս ավելի)։ Խոշոր հարկատուների մեջ երրորդը «Գրանդ տոբակո»-ն է՝ 46.2 մլրդ դրամ վճարած հարկերով։ Խոշորների տասնյակում են նաև «Գազպրոմ Արմենիա»-ն՝ 39.5 մլրդի վճարած հարկերով, «Արդշինբանկ»-ը՝ 38 միլիարդով, «Ամերիաբանկ»-ը՝ մոտ 28 մլրդով։
Խոշոր հարկատուների թոփ-տասնյակի մեջ կան 3 ծխախոտագործական, ծխախոտի վաճառքով ու արտահանմամբ զբաղվող ընկերություններ («Գրանդ տոբակո», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ», «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»), 2 բանկեր, խաղային ոլորտի 2 ընկերություններ («Սոֆթ կոնստրակտ» և «Դիջիթեյն»)։
Միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող, այժմ հանրային գերակա շահ ճանաչված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 2026-ի 9 ամիսներին բյուջե է վճարել 17.2 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 47 տոկոսով կամ 5.5 մլրդով ավելի։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանն էլ այս 9 ամիսներին նվազեցրել է հարկերը։ Այստեղ ևս պետությունը կառավարիչ է նշանակել՝ հանձին Նիկոլ Փաշինյանի նախկին օգնականի։ «Արարատցեմենտ»-ն այս 9 ամիսներին վճարել է 4.4 մլրդ դրամ, ավելի քան 400 մլն դրամով պակաս, քան անցյալ տարվա 9 ամիսներին։
Հայաստանից գյուղմթերքի արտահանման ռուսական սահմանափակումների ֆոնին, որ սկսվել են այս տարվա մայիսից, շարունակում է վճարած հարկերը նվազեցնել «Սպայկա»-ն։ Հայաստանի ամենամեծ ագրոհոլդինգը, որ ֆերմերների արտադրանքի արտահանումն էր կազմակերպում, ինչպես նաև ուներ սեփական խոշոր արտադրություններ, այս տարվա 9 ամիսներին պետբյուջե է վճարել 3 մլրդ 679 մլն դրամ։ Անցած տարվա 9 ամիսների համեմատությամբ անկումը 13.3 տոկոս է՝ ավելի քան 500 մլն դրամ։ Սա առաջին անկումը չէ՝ առաջին կիսամյակում էլ «Սպայկա»-ի հարկերը նվազել էին 45 տոկոսով։
Ռուսական սահմանափակման մեկ այլ ուղղություն է ձկան արտահանումը։ Ձկների արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Մաքս ֆիշ»-ն այս տարվա 9 ամիսներին բյուջե է վճարել 582 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 70 միլիոնով պակաս։ Ռուսաստանում սահմանափակումների է բախվում նաև հանքային ջրերի արտադրությամբ զբաղվող «Ջերմուկ գրուպ»-ը. ընկերությունը, սակայն, ավելացրել է հարկերը մոտ 1 մլրդով՝ այս տարվա 9 ամիսներին բյուջե վճարելով ավելի քան 8.6 մլրդ դրամ։