Մատչելիության հղումներ

«Ուժեղ Հայաստանի» 14 ներկայացուցչի մեղադրանք է առաջադրվել (թարմացված)

Լրացված
Listen
2 min

This audio is automated

«Ուժեղ Հայաստան» կուսակցության այսօր ձերբակալված անդամներին մեղադրանք է առաջադրվել:

Հակակոռուպցիոն կոմիտեն «Ազատությանը» հայտնել է, որ 14 անձի է մեղադրանք առաջադրվել ընտրակաշառք տալու և ստանալու հոդվածներով (հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելու, հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար ընտրակաշառք՝ գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, տալու առաջարկ ներկայացնելը կամ տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը):

Ավելի ուշ տարածած հաղորդագրությամբ Հակակոռուպցիոնը պնդել է, որ կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արտաշատի ընտրողներին ընտրակաշառք է բաժանվել: Կոմիտեն կից ձայնագրություն է հրապարակել՝ նշելով, որ խմբի անդամները միմյանց հետ կապ են հաստատել ինտերնետ-հավելվածների միջոցով: Ձայնագրության մեջ ինչ-որ մարդիկ խոսում են գումարների մասին:

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի խոսքով, սակայն, դեռևս կուսակցության գրանցումից առաջ հասարակական կազմակերպության շրջանակում են այդ գումարները տրվել որպես աշխատավարձ։

Ավելի վաղ գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած կուսակցության անդամ Գոհար Մելոյանը ահազանգել էր իրենց համակիրներին բերման ենթարկելու և խուզարկությունների մասին:

Քաղաքական ուժի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանի խոսքով՝ 15 մարդ բերման է ենթարկվել, սակայն ըստ նրա՝ նրանց թիվն ավելանում է:

Ղահրամյանը գործը «կարված» որակեց, նաև հայտարարեց, որ փաստաբանների մի մասի աշխատանքը խոչընդոտվում է՝ նրանց թույլ չեն տալիս ներս մտնել ու ծառայություններ մատուցել իրենց վստահորդներին, որոշ փաստաբանների ահազանգերից հետո, այդուհանդերձ, հաջողվել է ներս մտնել: Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հաստատեց, որ իրենց թույլ չէին տալիս մտնել Հակակոռուպցիոնի շենք և միայն ՄԻՊ դիմելուց հետո են կարողացել ներգրավվել:

Կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Ղազինյանը լրագրողների հետ զրույցում իրավապահների գործողությունները «բռնաճնշումներ» որակեց իրենց քաղաքական ուժի նկատմամբ ընտրություններին ընդառաջ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով այս ձերբակալություններին ու մեղադրանքներին, ասել է, որ սրանք իրավական գործողություններ են, և որ օրենքի առաջ բոլորը հավասար են ու պատասխան պետք է տան:

Հարցին, թե նման քայլերով իշխանությունները հող ե՞ն նախապատրաստում «Ուժեղ Հայաստանին» ընտրություններում չգրանցելու հիմքերի համար, Հովհաննիսյանն արձագանքեց, որ «շինծու գործերի դարաշրջանը վաղուց փակված է»:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու անդամներ այս շաբաթ ձերբակալվել էին նախընտրական շրջանում արգելված բարեգործության մեղադրանքով, ապա ազատ արձակվել վարչական վերահսկողության պայմանով:

Հակակոռուպցիոն կոմիտեն, հիմնվելով գաղտնալսման վրա, հայտարարել էր, թե անցած ամիս, երբ ընտրությունների հետ կապված արդեն թեկնածուների կողմից բարեգործության արգելք կար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանը բնակիչներին գումար են տրամադրել և արտոնյալ ծառայություններ խոստացել:

Մինչդեռ ընդդիմադիր կուսակցությունն ու փաստաբան Արամ Վարդևանյանը հերքում են կապն ընտրությունների հետ՝ հայտարարելով, որ մեղադրանքի հիմքում դրված ապացույցներից մեկն արդեն հերքվել է:



Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG