Մատչելիության հղումներ

«Ուժեղ Հայաստան»-ը բորբոքում է «300 հազար ադրբեջանցիների» թեման, Փաշինյանը հակադարձում է՝ ասողը «գլուխը պատով է տալիս»

Վարչապետ Նիկոլ Փաշինյան, «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյան, կո
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյան, կո

«Ուժեղ Հայաստան»-ը բորբոքում է 300 հազար ադրբեջանցիների Հայաստանում բնակվելու թեման:

«Միլլի մեջլիսում ներկայացրել են՝ Ազգային ժողովում, համակարգում է, ֆինանսավորում է անձամբ նախագահի աշխատակազմի ղեկավարը Ադրբեջանի», - հայտարարեց դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը:

Նա այսօր ներկայացրեց այսպես կոչված վերադարձի հայեցակարգը, Բաքուն այն հրապարակել է մի քանի տարի առաջ այսպիսի վերնագրով՝ «Հայաստանից վտարված ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի մասին»: «Ուժեղ Հայաստան»-ը Բաքվի այս պլանը տպագրել է 9 լեզուներով ու առաջարկում է ծանոթանալ սպառնալիքներին:

«Էն մարդիկ, ում ուզում են Հայաստան ուղղակի ուղարկեն, և ճշմարտությունը դա է, պետք է ունենան անվտանգային ուժեր», - պնդեց «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն:

Ըստ Նարեկ Կարապետյանի՝ Ադրբեջանի քաղաքական օրակարգի գլխավոր հարցն է սա, ու գործում են տարբեր ուղղություններով՝ գիտնականները վերադարձի հիմքերն են ուսումնասիրում, Փաշազադեն մզկիթների վերականգնման մասին է խոսում, ֆորում ու գիտաժողովներ «Արևմտյան Ադրբեջան» վերնագրով:

«Բաքվի պետական տնտեսագիտական համալսարանում ամբիոն է բացում, որ ուսումնասիրի մեր հանքերը: Էլ ի՞նչ ասեմ», - նշեց Կարապետյանը:

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չի կարծում, որ այս ամենը Ալիևի թիմը ներքին լսարանի համար է բեմադրում. - «Էսի ներքին լսարանի համար չի, Մեղրիից տաս կիլոմետրի վրա ֆորում անել միջազգային՝ վերադարձի մասին, ոչ թե համայնքի ընդհանուր, ներքին լսարանի համար չի, Բրյուսելում ֆորում անելը ներքին լսարանի համար չի: Էս մարդիկ աչք ունեն էս հողի վրա»:

Ադրբեջանական հայեցակարգում կարդում ենք՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի հարցը պիտի հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրում ներառվի՝ որպես հայկական կողմի պարտավորություն: Այդպիսի հարց նախաստորագրված պայմանագրում չկա: Ինչո՞ւ է Նարեկ Կարապետյանը կարծում, որ 300 հազար ադրբեջանցի Հայաստանի շեմին է:

«Ադրբեջանը ինչ ուզել է, մեր այսօրվա Կառավարությունը տվել է», - ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամը:

«Կալուգացի, դու նստելու ես բանտում տասնամյակներով, դու նստելու ես բանտում տասնամյակներով՝ որպես Հայաստանի պետության դեմ գործող լրտես», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ, ռուսաստանցի մեծահարուստ, Նարեկ Կարապետանի հորեղբայր Սամվել Կարապետյանի մասին:

300 հազար ադրբեջանցիների թեման մեջտեղ բերել՝ նշանակում է Հայաստանի պետական շահի դեմ գործել. Փաշինյանն այս հարցին անդրադարձել է թե՛ բղավելով, թե՛ հանդարտ տոնայնությամբ:

«Ադրբեջանցիների վերադարձի թեմայից խոսում են նույն ուժերը, ովքեր ակտիվ խոսում են Ղարաբաղի ժողովրդի վերադարձի թեմայով: Նույն ուժը խոսում է համ նրանից, համ նրանից, որովհետև մեկը առանց մյուսի գոյություն չունի և չի կարող գոյություն ունենալ: Եվ էս է պատճառը, որ ասում եմ, որ իրենք պատերազմի եռագլուխ կուսակցություն են, որովհետև իրենք ուզում են կոնֆլիկտային վիճակ սրեն, ստեղծեն», - նշել է վարչապետը:

Նախընտրական փուլից շատ առաջ, մի քանի տարի է՝ Բաքվից հստակ հարցեր էին հնչում՝ «ե՞րբ կարող են ադրբեջանցիները վերադառնալ, ինչպե՞ս եք ապահովելու նրանց անվտանգությունը», Ալիևի բառապաշարով՝ «Արևմտյան Ադրբեջանում»: Բաքուն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը: Վարչապետ Փաշինյանը բազմիցս է հայտարարել՝ խաղաղության հաստատմամբ փակում են Ղարաբաղյան շարժումը, փակ է նաև «Արևմտյան Ադրբեջան» կոչվող հարցը:

«Այո, մենք փակել ենք 500 հազար հայի Ադրբեջան վերադառնալու թեման և դրանով իսկ փակել ենք ադրբեջացիների վերադառնալու թեման», - վստահեցնում է վարչապետը:

«Ուժեղ Հայաստան»-ի թիմն ամենօրյա ռեժիմով է պնդում՝ Փաշինյանի վերընտրվելու դեպքում Բաքվի պլանն իրականություն է դառնալու՝ 300 հազար ադրբեջանցիներ հաստատվելու են Հայաստանում: Այդ մասին պատմում են նաև հոլովակներով, որոնցում ադրբեջանցիներն «արդեն եկել են»:

«Որ իրենք ճնշելու են իրենց գործիքակազմով, ինչպես ճնշել են Սահմանադրություն փոխել», - ասաց Նարեկ Կարապետյանը:

Ինչպե՞ս է այս ուժը պատրաստվում չեզոքացնել այսպես կոչված վերադարձի պլանը: Ըստ Կարապետյանի՝ արգելքներ են պետք, օրինակ՝ ադրբեջանցիները տասն օրից ավելի Հայաստանում մնալու իրավունք չպիտի ունենան. - «Մենք կլինենք նորմալ հարևաններ իրար հետ, բայց չենք լինի ընկերներ»:

«Մանկապարտեզի տնօրենը սենց կիսաժպիտով ասում ա՝ «դե գիտե՞ք ինչ, Սաֆարովի էրեխեքին ընդունել ենք, ձեր էրեխեքին չենք կարա»: Ես ասում եմ՝ էդ հոլովակը նկարողը հոգեկան հիվանդ ա». - «Ուժեղ Հայաստան»-ի հոլովակները Փաշինյանի աչքով էլ են ընկել ու հանել հունից:

Ընդհանուր առմամբ, 300 հազար ադրբեջանցիների ուրվականը իշխող թիմի քարոզարշավում պարբերաբար է հայտնվում: Այսօր էլ Բերդավանում մի տղամարդ Նիկոլ Փաշինյանին տագնապն էր փոխանցում՝ «ասում են՝ 300 հազար թուրք է գալիս»:

«Ասողը գլուխը պատով է տալիս», - չորս անգամ կրկնեց Փաշինյանը, իսկ քաղաքացուն դժգոհ հավաքվածները հեռացրեցին տարածքից:




Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG