Մատչելիության հղումներ

«Դա առնվազն չի նպաստում խաղաղությանը». Միրզոյանն անդրադարձել է Նախիջևանում «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոն-կոնգրեսի անցկացմանը

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր անդրադարձել է Նախիջևանի ինքնավար հանրապետությունում կազմակերպվելիք «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» երրորդ փառատոն-կոնգրեսին։

«Մենք քանի անգամ առիթ ունեցել ենք ասելու, որ Արևմտյան Ադրբեջանի խոսույթը և դրա հովանավորումը կամ աջակությունը Ադրբեջանի պետական կառույցներից չի տեղավորվում խաղաղության, բարիդրացիության, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության ճանաչման այդ մեծ խոսույթի և գործընթացի շրջանակում, որը մենք Ադրբեջանի մեր գործընկերների հետ նախաձեռնել ենք։ Քանի անգամ հրապարակավ մեր հանձնառությունները վերահաստատել ենք, ստորագրված թղթեր ունենք և դեռ կունենանք։ Այո, այս հարցում մենք չունենք համաձայնություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Ադրբեջանական ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, միջոցառումն անցկացվելու է հունիսի 18-19-ը Օրդուբադում՝ Նախիջևանում Ադրբեջանի նախագահի ներկայացուցչության, գիտության և կրթության նախարարության, Նախիջևանի պետհամալսարանի և «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի համատեղ կազմակերպմամբ:

Կոնգրեսի ընթացքում նախատեսվում են գիտնականների, հետազոտողների և հասարակական գործիչների զեկույցներ «Արևմտյան Ադրբեջանի իրողությունների, պատմական ժառանգության և վերադարձի հեռանկարների մասին»:

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք պատրաստվում են այս մասին խոսել Ադրբեջանի նախագահի հետ, Միրզոյանն արձագանքեց, որ խոսելու են ադրբեջանցի գործընկերների հետ։ Հարցին էլ, թե արդյո՞ք սա վտանգում է խաղաղությանը, արտգործնախարարն ասաց.

«Գիտեք, այդպես չէի ձևակերպի, ես կասեի՝ իսկապես, չի տեղավորվում խաղաղության այն մեծ տեսլականի մեջ, որը քանի անգամ միասին ենք նաև վերահաստատել մեր հանձնառությունը»։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծեց՝ կարծում է, որ Ադրբեջանի այդ օրակարգը «չի նպաստում առնվազն խաղաղությանը»։

Երևանից բազմիցս հայտարարել են, որ չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, և այս հարցով քննարկումը բացառված է։

XS
SM
MD
LG