Մատչելիության հղումներ

Չնայած սահմանադրական արգելքին՝ «Ուժեղ Հայաստան»-ի «վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է»

«Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածուն տնային կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանն է, այսօր կուսակցության համաժողովում հայտարարեց նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը: 60-ամյա գործարարը, սակայն, երկքաղաքացի է, և գործող օրենքներով՝ չի կարող ո՛չ վարչապետի, ոչ էլ պատգամավորի թեկնածու լինել:

Այսօրվա համաժողովում իշխանության հավակնող կուսակցության անդամները այդպես էլ չպարզաբանեցին՝ հաշվի առնելով օրենսդրական հստակ արգելքները՝ ի վերջո ո՞վ է գլխավորելու «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակը:

«Սահմանադրությունը ունի 148 հոդված, Ազգային ժողովի քվեարկությամբ է փոխվելու այդ դրույթը», - հայտարարեց Նարեկ Կարապետյանը:

Սահմանադրության 148-րդ հոդվածը սահմանում է, որ կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները։ Իսկ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Սա փաստացի նշանակում է, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել նաև «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակում:

Կուսակցության համաժողովում հեռարձակված տեսաուղերձում իրավաբան Սիրանուշ Սահակյանն ասում էր, որ Սահմանադրության 148-րդ հոդվածն անփոփոխելի չի և չի պահանջվում հանրաքվե:

Սահակյանից բացի նաև այլ իրավաբաններ ու սահմանադրագետներ, ներառյալ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, ՍԴ նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը ևս պնդեցին, որ այդ հոդվածի փոփոխության համար հանրաքվե պետք չէ:

Իսկ գործարարի եղբորորդին հայտարարեց, թե «ընտրություններից 20 օր անց հանդես կգան օրենսդրական փոփոխությամբ, և դրանով հնարավորություն կտան Սամվել Կարապետյանին դառնալ վարչապետ»:

«Մեզ պետք է մեծամասնություն Ազգային ժողովում», - ասաց Նարեկ Կարապետյանը, պնդելով, որ հաղթելու են՝ Սամվել Կարապետյանի հետ միասին:

Իշխանության յուրացման կոչի համար մեղադրվող ու տնային կալանքի տակ գտնվող գործարարին դատարանն արգելել է հանրային հայտարարություններ անել, ու թերևս այդ պատճառով նա հավաքի մասնակիցներին «դիմեց» արհեստական բանականությամբ ստեղծված տեսաուղերձով. - «115 օրից բոլորը կտեսնեն, որ «Ուժեղ Հայաստանը» միայն կուսակցություն չէ: Անպայման հաջողելու ենք՝ մեր ձևով»:

Իսկ համաժողովի սկզբում Կարապետյանի եղբորորդին ասել էր. - «8 տարի պաշտոնավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում, նա թուլացրեց բանակը, Արցախը կործանեց, 10 հազար դոլար վարկ վերցրեց ամեն ընտանիքի հաշվով, բացեց Սյունիքի դարպասները: Այս իշխանությունը սոված է, չեն հագենում, դրա համար էլ չեն ուզում հեռանալ»:

«Ուժեղ Հայաստանի» շնորհանդեսին մասնակցում է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, որը քրեական գործով մեղադրյալ է և վերջերս է ազատ արձակվել կալանքից: Նրա կողքին էր տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար Սուրեն Կարայանը:



XS
SM
MD
LG