Մատչելիության հղումներ

Ուշակովը ներկայացրել է Ուիթքոֆ-Պուտին հանդիպման օրակարգն ու գլխավոր թեման

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Կրեմլում
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Կրեմլում

Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի այսօր նախատեսված բանակցությունների գլխավոր թեման կլինի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Ուկրաինական հակամարտության շուրջ բանակցությունները, բնականաբար, այսօրվա հանդիպման գլխավոր մասն են»,- ասել է նա՝ հավելելով, որ նախագահ Պուտինն ամերիկացի պաշտոնյային կընդունի Կոնստանտինյան պալատում:

«Միջոցառումը պլանավորված էր, համակարգելու համար մի քանի օր պահանջվեց։ Մեզ համար, նրանց համար, ովքեր այն պատրաստել էին, որևէ գաղտնիք չկար», - հավելել է Ուշակովը։

Նա հայտնել է, որ հանդիպմանը կմասնակցի նաև Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար և արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջարեդ Քուշները չի մասնակցի բանակցություններին՝ հիվանդության պատճառով։

Ուշակովը նաև ասել է, որ Մոսկվան որևէ շփում չի ունեցել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի հետ, ապա հավելել, որ նախորդ պայմանավորվածությունները քննարկվել են առանց նրա: «Զելենսկու հետ որևէ շփում չենք ունեցել։ Այն ամենի շուրջ, որ ժամանակին համաձայնության ենք եկել, միշտ արվել է առանց նրա», - ասել է նախագահի օգնականը։

Ուիթքոֆը Դմիտրիևի հետ արդեն ժամանել է Կոնստանտինյան պալատ, որտեղ տեղի կունենա հանդիպումը։

Ուիթքոֆը Ռուսաստան է եկել Օսլոյից, որտեղ բանակցություններ էր վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ վերջ դնելու արդեն հինգերորդ տարին ընթացող պատերազմին: Հանդիպմանը մասնակցել էին նաև Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորենը: ԱՄՆ նախագահի մյուս բանագնաց Ջարեդ Քուշները հանդիպմանը մասնակցել էր տեսակապով:

Օսլոյում բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել էր, որ բանակցությունների ընթացքում «գտնվել են խաղաղ կարգավորման որոշ տարրեր», որոնք Սանկտ Պետերբուրգում կներկայացվեն Պուտինին։ Այլ մանրամասներ նա չէր ներկայացրել:

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն ևս չէր մանրամասնել, թե ինչ են ենթադրում խաղաղության նոր առաջարկները, սակայն ուրվագծել էր թեմաների շրջանակը, որ դրանք ներառում են: «Այսօր մենք քննարկեցինք Ուկրաինայի անվտանգությանը, պատերազմից հետո բարգավաճման ծրագրին, տարածքներին և պատժամիջոցներին, ինչպես նաև եվրոպական անվտանգության ավելի լայն ճարտարապետությանը վերաբերող հարցեր»,- ասել էր նա։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG