Մատչելիության հղումներ

Ուիթքոֆն այսօր Սանկտ Պետերբուրգում Պուտինին կներկայացնի խաղաղության նոր առաջարկները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը (աջից) ողջունում է ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը (աջից) ողջունում է ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆին, արխիվ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այսօր մեկնում է Սանկտ Պետերբուրգ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն՝ Ուիթքոֆի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև երեքշաբթի Օսլոյում կայացած բանակցություններից հետո։

Օսլոյի հանդիպմանը մասնակցել է նաև Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, որը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում «գտնվել են խաղաղ կարգավորման որոշ տարրեր, որոնք վաղը կներկայացվեն Սանկտ Պետերբուրգում»։ Այլ մանրամասներ նա չի ներկայացրել:

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն ևս չի մանրամասնել, թե ինչ են ենթադրում խաղաղության նոր առաջարկները, սակայն ուրվագծել է թեմաների շրջանակը, որ դրանք ներառում են: «Այսօր մենք քննարկեցինք Ուկրաինայի անվտանգությանը, պատերազմից հետո բարգավաճման ծրագրին, տարածքներին և պատժամիջոցներին, ինչպես նաև եվրոպական անվտանգության ավելի լայն ճարտարապետությանը վերաբերող հարցեր»,- ասել է նա։

Նույն ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին ասել է, որ ունեն «մի քանի հստակ գաղափարներ, թե ինչպես հասնել խաղաղության»։ «Մենք միավորված ենք մեր եվրոպացի գործընկերների հետ այս ջանքերում: Մենք կցանկանայինք, որ ամերիկացիներն այս գաղափարները հասցնեն ռուսներին», - ասել է Զելենսկին՝ առանց մանրամասներ ներկայացնելու:

Նա նաև ասել է, որ շարունակում է ձգտել Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման, որի ժամանակ, իր կարծիքով, կարող են քննարկվել ամենաբարդ հարցերը, այդ թվում՝ տարածքային։ Կրեմլը բազմիցս հայտարարել է, որ Պուտինը Զելենսկիի հետ կարող է հանդիպել միայն Մոսկվայում, սակայն Ուկրաինան մերժում է այս առաջարկը։

«Կարևոր գաղափարներից մեկը առաջնորդների եռակողմ հնարավոր գագաթնաժողովի անցկացումն է՝ քննարկելու այն հարցերը, որոնք միայն առաջնորդները կարող են լուծել: Սթիվը վաղը մեկնում է Ռուսաստան: Տեսնենք, թե ինչ կասի Պուտինը»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին նաև ասել է, որ Կիևը շնորհակալ է Միացյալ Նահանգներին հետախուզական տվյալների փոխանակման վերսկսման և ռուսական բալիստիկ հրթիռային հարվածների մասին նախնական նախազգուշացման համար։ Նա նշել է, որ Ուկրաինան չի պարտվում Ռուսաստանի դեմ պատերազմում, սակայն Կիևը մարդկային կորուստներ է ունենում, այդ իսկ պատճառով Ուկրաինայի իշխանությունները ձգտում են գտնել խաղաղություն հաստատելու ուղիներ։

Մեկնաբանելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հնարավոր բանակցությունների մասին լուրերը՝ Զելենսկին շեշտել է, որ Կիևը պետք է անպայման մասնակցի դրանց։

«Ես չգիտեմ, թե ինչի մասին է լինելու այս եռակողմ հանդիպումը, դա նրանց գործն է։ Բայց, իհարկե, եթե մենք խոսում ենք Ուկրաինայի, մեր ապագայի մասին, ապա դա ընդունելի է միայն այն դեպքում, եթե մենք ևս բանակցությունների սեղանի շուրջ լինենք։ Դա միանգամայն պարզ է», - ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

Ամերիկյան Axios-ը հայտնել էր, որ Ռուսաստան կատարած իր ուղևորության ընթացքում Ուիթքոֆը մտադիր է Պուտինին ներկայացնել պատերազմի ավարտի վերաբերյալ առաջարկներ, որոնք պատրաստվել են Ուկրաինայի և եվրոպացի գործընկերների հետ համատեղ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կլսի Թրամփի հատուկ դեսպանորդների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնա։ «Տեսնենք, թե ինչ են նրանք առաջարկում։ Եթե նրանք առաջարկում են մեզ համար տնտեսապես և ֆինանսապես օգտակար մի բան, ապա ինչո՞ւ ոչ։ Բայց դա պետք է արվի առանց մեր կողմից որևէ քաղաքական զիջման և առանց ակնկալելու քաղաքական բարեհաճություն, որը մեզ «դուրս կթողնի» համաշխարհային բոլոր գործերից»,- հայտարարել է Լավրովը։

Երեքշաբթի ավելի ուշ Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր բանագնացի միջոցով Վլադիմիր Պուտինին խնդրել է ազատ արձակել Սթիվեն Հաբարդին, որը մի քանի տարի առաջ ռուսական ուժերի կողմից գերի էր վերցվել Ուկրաինայում:

2024 թվականին Մոսկվայի դատարանը նրան դատապարտել է վեց տարի և տասը ամիս ազատազրկման՝ վարձկանության մեղադրանքով: Հետաքննիչների տվյալներով՝ Հաբարդը բնակվում էր Ուկրաինայում 2014 թվականից և միացել էր տարածքային պաշտպանության ուժերին ռուսական ներխուժումից հետո:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG