Մատչելիության հղումներ

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԱՄՆ-ին կոչ է արել կատարել պարտավորությունները

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Վաշինգտոնին կոչ է արել կատարել անցյալ տարի ձեռք բերված համաձայնագրով ստանձնած պարտավորությունները՝ ԱՄՆ մաքսատուրքերը սահմանափակելու վերաբերյալ, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր բարձրացնել ավտոմեքենաների մաքսատուրքերը՝ պնդելով, թե ԵՄ-ն խախտում է պայմանավորվածությունները։

«Մենք այժմ գտնվում ենք մնացած մաքսային պարտավորությունների իրականացման վերջնական փուլում», - այսօր երևանյան այցի ընթացքում հայտարարել է Եվրոպական Հանձնաժողովի նախագահն՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն ևս պարտավորություններ ունի։

Դոնալդ Թրամփն անցած շաբաթվա վերջին էր հայտարարել, որ մտադիր է մինչև 25 տոկոս բարձրացնել ԵՄ-ից ԱՄՆ ներմուծվող ավտոմեքենաների և բեռնատարների մաքսատուրքերը՝ պատճառաբանելով, թե ԵՄ-ն չի պահպանում այն առևտրային համաձայնագիրը, որով ԱՄՆ մաքսատուրքերը ԵՄ ապրանքների մեծ մասի համար սահմանափակվել էին 15 տոկոսով։

Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ խախտումների մասին է խոսքը։

Եվրամիությունը հերքել է այդ մեղադրանքները՝ սպառնալով պատասխան քայլերով։

«Պայմանավորվածությունը պայմանավորվածություն է, պատրաստ ենք ցանկացած սցենարի»,- հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Անդրատլանտյան հարաբերությունները գնալով ավելի են լարվել Դոնալդ Թրամփի՝ անցյալ տարվա հունվարին նախագահի պաշտոնին վերադառնալուց հետո։ Տարաձայնությունների պատճառներից են՝ Գրենլադիայի հարցը, մաքսատուրքերը, ինչպես նաև եվրոպական երկրների՝ Իրանի դեմ պատերազմին մասնակցելուց հրաժարվելը։

XS
SM
MD
LG