Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բարձրացնում է Եվրամիությունից ներկրվող ավտոմեքենաների դիմաց մաքսատուրքերը՝ հասցնելով 25 տոկոսի, քանի որ Միությունը, նրա պնդմամբ, չի հետևում ԱՄՆ-ի հետ կնքած առևտրային համաձայնագրի պայմաններին:
Հայտնելով, որ այդ փոփոխությունը կատարելու է եկող շաբաթ, Թրամփը միաժամանակ չի հստակեցրել, թե համաձայնագրի ո՞ր պայմաններն է խախտում Եվրամիությունը:
Անցած տարի Միացյալ Նահանգների հետ ստորագրած փաստաթղթով Եվրամիությունը համաձայնել էր վերացնել մաքսատուրքերը ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների դիմաց, փոխարենը ԱՄՆ-ը 15 տոկոս մաքսատուրք էր սահմանում ԵՄ-ից ներկրվող ապրանքների մեծ մասի համար:
«Հիմնվելով այն փաստի վրա, որ Եվրոպական միությունը չի հարգում մեր ամբողջովին համաձայնեցված Առևտրի Գործարքը, եկող շաբաթ ես բարձրացնելու եմ Եվրոպական միությանը Միացյալ Նահանգներ մտնող Ավտոմեքենաների և Բեռնատարների համար ներկայացվող Մաքսատուրքերը: Մաքսատուրքերը կհասցվեն 25 տոկոսի», - գրել է ԱՄՆ նախագահը իր Truth Social սոցցանցում: