Այսօր ՀՀ վարչապետն ու Գերմանիայի կանցլերը ստորագրել են Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր:
Ըստ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության՝ կողմերը մտադիր են համագործակցել քաղաքական և դիվանագիտական, տնտեսական և առևտրային, անվտանգություն և պաշտպանության և այլ ոլորտներում:
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում կարևորեց Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները. «Շնորհավորում եմ, որ Ձեզ և Ադրբեջանի նախագահին հաջողվեց խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության գալ, դա մեծ գործ է: Դաշնային կառավարությունը այս հարցում մշտապես աջակցել է Հայաստանին ու Ադրբեջանին: Ուրախ եմ Վաշինգտոնում օգոստոսին նաև երթուղիների հետ կապված համաձայնության համար: Հարավային Կովկասի համար սա շատ դրական ազդակ է: Քաջալերում եմ ձեզ՝ հաջորդ քայլերը կատարել, մնացյալ հարցերը լուծել Ադրբեջանի ու Հայաստանի միջև: Երկու կողմերին Գերմանին կշարունակի աջակցել այս հարցում», - ընդգծեց Մերցը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց. «Ես հույս ունեմ, որ ի վերջո, մենք նաև Հայաստան-Թուրքիա սահմանների բացման կետին կհասնենք, դա նշանակում է՝ ՀՀ ուղիղ կապ, այդ թվում՝ ցամաքային, երկաթուղային կապ Եվրամիության, այդ թվում՝ Գերմանիայի հետ: Սա տնտեսական, քաղաքական, բոլոր ներդրումային իմաստներով շրջադարձային նշանակություն է ունենալու», - ասաց վարչապետը՝ շարունակելով.- «Ես ուրախ եմ, որ Գերմանիան նաև աջակցում է Հայաստանին և Թուրքիային հարաբերությունները կարգավորելու, սահմանը բացելու և, ի վերջո, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, և ես պարոն կանցլերին նաև պատմել եմ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցող դրական գործընթացների մասին, և կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել ցուցաբերված աջակցության համար և համոզմունք հայտնել, որ այդ ջանքերը, իհարկե, կբերեն դրական արդյունքի»:
Գերմանիայի մի խումբ հայեր կանցլերի հետ հանդիպմանը զուգահեռ բողոքի ակցիա են արել
Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ իրենք անհանգստացած են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններով:
«Ցույցը կազմակերպել է Բեռլինի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ, որոնք հետևում են Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցող իրադարձություններին: Մեզ շատ է անհանգստացնում, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է ավելի ու ավելի ավտորիտար կառավարման: Մենք ուզում ենք մեր անհանգստություններն արտահայտել Հայաստանի իշանություններին՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանին, այս ցույցի ձևով», - «Ազատության» հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ակցիայի մասնակիցները կարծում են՝ վերջին ամիսներին Հայաստանում բանտարկված ընդդիմադիրները, հոգևորականները քաղբանտարկյալներ են, անհրաժեշտ են համարում օր առաջ նրանց ազատ արձակումը: Բանտարկված ընդդիմադիրների շարքում են խոշոր գործարար Սամվել Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Մայր Աթոռի դիվանապետները: Իշխանականները հերքում են քաղաքական հետապնդման պնդումները՝ ընդգծելով, որ տեղի ունեցողն իրավական գործընթաց է:
Ակցիայի մասնակիցներից Լիլիթ Քոչարյանն ասում է. «Բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը, դադարեցնել հարձակումը եկեղեցու և եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ, հարգել ՀՀ Սահմանադրությունը, պահպանել եկեղեցու և պետության տարանջատումը, ինչպես նաև հարգել Արցախից փախստականների իրավունքները»:
Այսօր ավելի վաղ, Բեռլինում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Գերմանիայի նախագահը ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու իր երկրի պատրաստակամությունը: Շտայնմայեր համոզմունք է հայտնել, որ Փաշինյանի այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցությանը բոլոր ոլորտներում:
Հայաստանի վարչապետը նշել է, որ Հայաստանը ևս շահագրգռված է Գերմանիայի հետ գործընկերությունը նոր մակարդակի բարձրացմամբ: