Ուկրաինացիները հարվածել են Ախտուբինսկի ռազմական օդակայանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ախտուբինսկի թռիչքային-փորձնական կենտրոն, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ախտուբինսկի թռիչքային-փորձնական կենտրոն, արխիվ

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Աստրախանի մարզի վրա: Նահանգապետ Իգոր Բաբուշկինը հայտնել է, որ նոյեմբերի լույս 15-ի գիշերը տարածաշրջանի հյուսիսում 31 անօդաչու է խոցվել:

Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային նախագիծը հաղորդում է, որ հարձակման է ենթարկվել «Ախտուբինսկ» ռազմական օդակայանը, այնտեղ առնվազն 30 պայթյուն է հնչել: Նախագծի տվյալներով՝ հարվածի տակ են հայտնվել օդակայանի ենթակառուցվածքը, մարտական օդանավերի կայանման վայրերը, ռազմամթերքի պահեստները և այլ օբյեկտներ:

"Южный федеральный" պարբերականը գրում է, որ Ախտուբինսկի բնակիչները շուրջ երկու տասնյակ «հզոր պայթյունների նման» ձայներ են լսել: Լսվել են նաև ինքնաձիգի կրակահերթեր, երկնքում տեսանելի են եղել վառ բռնկումներ:

Օդակայանում է գտնվում Ռուսաստանի պաշտպանության նախարարության Վալերի Չկալովի անվան 929-րդ Պետական թռիչքային-փորձնական կենտրոնը, որը տարբեր նշանակության ավիացիոն և օդագնացության համալիրների փորձարկման աշխատանքներ է իրականացնում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է հարվածը Ախտուբինսկի ռազմական օդակայանին: Ուկրաինացի զինվորականները պնդում են, որ ռազմաճակատի գծից մոտ 650 կիլոմետր հեռու գտնվող օդակայանում հարվածից հետո հզոր երկրորդային պայթյուն է որոտացել ավիացիոն կառավարվող հրթիռների համար նախատեսված հավաքածուների պահեստում:

​
XS
SM
MD
LG