Ուկրաինացիների հարվածներից Բելգրոդի և Բրյանսկի մարզերում 4 մարդ է զոհվել

Ուկրաինացի զինծառայողն անօդաչու թռչող սարք է արձակում, արխիվ
Ուկրաինացի զինծառայողն անօդաչու թռչող սարք է արձակում, արխիվ

Ռուսաստանի Բելգորոդի մարզի Պրոլետարսկի ավանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է ընտանիք՝ ամուսինները և 24-ամյա դուստրը, ևս մեկ տղամարդ վիրավորվել է, հաղորդել է շրջանի օպերատիվ շտաբը:

Բրյանսկի մարզի Չուրովիչի գյուղում զոհվել է մի տարեց տղամարդ, ով, նահանգապետ Եգոր Կավալչուկի փոխանցմամբ, էլեկտրական հեծանիվ էր վարում, երբ նրա վրա հարձակվել է ուկրաինական անօդաչուն:

Supernova+ ուկրաինական մոնիթորինգային նախագիծը պնդում է, որ Բելգորոդի մարզի Վայլուկի բնակավայրում հարձակման է ենթարկվել ռազմամթերքի պահեստ:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաղորդել է նոյեմբերի 13-ին Ռուսաստանի Սամարայի և Լիպեցկի մարզերում հասցրած հարվածների արդյունքների մասին: Ըստ այդմ՝ հարձակման են ենթարկվել «Սամարա» գծային արտադրական-դիսպետչերական կայանը, որը ռուսաստանյան նավթային համակարգի կարևորագույն հանգույցներից է, ինչպես նաև «Լիպեցկ-2» օդակայանը, որտեղ բազավորված է ռուսական ռազմական օդուժը:

Կալուգայի մարզում ուկրաինական անօդաչուների հարվածներից հրդեհվել է պլաստիկի արտադրության «Նեո-Պակ Ցենտր» գործարանի արտադրամասերից մեկը: Այդ ձեռնարկությունը մտնում է այն ընկերությունների խմբի մեջ, որոնք, ըստ Կիևի, օգնում են Ուկրաինայի դեմ պատերազմի ռուսաստանցի մասնակիցներին «ինչպես արտադրանքով և տեխնիկական միջոցներով, այնպես էլ նյութական ռեսուրսներով»:

​
XS
SM
MD
LG