Այս գիշեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանը Ռուսաստանի Թաթարստան հանրապետության Նիժնեկամսկ քաղաքում: Ուկրաինական մոնիթորինգային տելեգրամյան ալիքների համապատասխան հաղորդումները հաստատել է ASTRA հրատարակության վերլուծությունը:
Ինչպես նշում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Current Time նախագիծը, «Նիժնեկամսկնեֆտեխիմ»-ը Եվրոպայում խոշորագույն նավթային համալիրներից է, որը սինթետիկ կաուչուկ է արտադրում:
Թաթարստանի իշխանությունների տվյալներով՝ երեք մարդ է տուժել:
Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում ուկրաինացիների հարվածներից երկու էլեկտրական ենթակայան է վնասվել: Մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը հաղորդել է, որ հարձակման հետևանքով զոհվել է «Տագանրոգ-10» ենթակայանի գլխավոր ինժեները, ևս հինգ մարդ տուժել է «անօդաչուների բեկորների» ընկնելու հետևանքով:
Հարված է հասցվել նաև Դոնի Ռոստովը և Տագանրոգը բռնակցված Ղրիմին կապող Р-280 «Նովոռոսիա» ավտոմայրուղու մի հատվածին, ինչի հետևանքով Նեկլինովսկի շրջանում կամուրջ է փակվել երթևեկության համար:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է գիշերը 553 ուկրաինական անօդաչու թռչող սարք խոցելու մասին, ինչը զգալիորեն շատ է վերջին շրջանում միջին թվից: Անկախ աղբյուրներից տվյալներ չկան:
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը, իր հերթին, հաղորդում է Օդեսայի մարզի Չերնոմորսկ քաղաքի վրա ռուսների հարձակման հետևանքով առնվազն վեց վիրավորի մասին: Վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքը և վարչական շենք, ինչպես նաև բնակելի շենք, պահեստային տարածքներում հրդեհներ են բռնկվել:
Ժիտոմիրի մարզի իշխանությունները հաղորդել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների և մասնավոր տների վրա ռուսների հարձակումների մասին, զոհվածներ և տուժածներ չկան:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է հարվածը Չերնոմորսկին՝ պնդելով, թե այնտեղ թիրախավորել են լաստանավային տերմինալը, նավահանգստի ղեկավարության շենքը և էլեկտրական ենթակայան: Ռուս զինվորականները հայտարարել են նաև Սև ծովում բեռնատար նավի և երկու լոկոմոտիվների խոցման մասին:
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյաներով՝ գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը վնասազերծել են ռուսների հարյուրից ավելի անօդաչու թռչող սարք, սակայն շուրջ երկու տասնյակ վայրերում հարվածները հասել են թիրախներին:
Անցած մեկ օրում հարվածներ են հասցվել նաև Ուկրաինայի ճակատամերձ տարածաշրջաններին: Զապորոժիեի մարզում տուժել է շուրջ երեք տասնյակ մարդ, Խարկովի և Դոնեցկի մարզերում՝ առնվազն 18-ը: