Ռուսական վերահսկողության տակ գտնվող Էներգոդարին հասցված ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով չորս մարդ զոհվել, ևս չորսը՝ վիրավորվել են, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Ռուսաստանի պետական ատոմային «Ռոսատոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովին։
«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ հանդիպումից ընդամենը երկու օր անց մեզ մոտ ամենաարյունոտ օրն է Էներգոդարում...Սպանվել է միանգամից չորս մարդ՝ երկու կին և երկու տղամարդ, չորս վիրավոր կա, որոնցից մեկը՝ ծանր», - ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Լիխաչյովը:
Էներգոդարը, որտեղ գտնվում է Զապորոժիեի ատոմակայանը, Ուկրաինայի դեմ լայնածավալ հարձակման մեկնարկից շաբաթներ անց անցավ ռուսական ուժերի վերահսկողության ներքո։
Ռուսական կողմն այսօր ավելի վաղ հայտնել էր նաև, որ Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով գրոհել են Սամարայի մարզի Սիզրան քաղաքի նավթավերամշակման գործարանը։ Մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել:
Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկ, Խերսոն և այլ շրջաններ էլ ռուսական հարձակման էին ենթարկվել։ Հաղորդվել է չորս զոհի մասին։