Մատչելիության հղումներ

Հարվածներ Կրիվոյ Ռոգին, Խերսոնին և Ուկրաինայի այլ շրջանների. 4 մարդ է զոհվել

Ուկրաինա - Խերսոնում հարձակման ենթարկված ավտոբուսը, 12-ը հուլիսի, 2026թ.
Ուկրաինա - Խերսոնում հարձակման ենթարկված ավտոբուսը, 12-ը հուլիսի, 2026թ.

Ռուսական անօդաչու թռչող սարքերն այսօր գրոհել են արդյունաբերական ձեռնարկություն Կրիվոյ Ռոգում: Ուկրաինական քաղաքի պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլի փոխանցմամբ՝ երկու մարդ զոհվել է: Ձեռնարկությունից բացի, վնասվել է նաև ենթակառուցվածքը:

Անօդաչուների գրոհի է ենթարկվել նաև Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլսկի շրջանը, որտեղ 66-ամյա բնակիչ է զոհվել, հաղորդել են իշխանությունները: Վնասվել են վարչական շենք, մասնավոր տներ, տնտեսական շինություն և բեռնատար ավտոմեքենա: Դնեպր քաղաքում հարված է հասցվել սննդի արդյունաբերության ձեռնարկության:

Խերսոնում ռուսական ուժերի հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել, հաղորդել է քաղաքային վարչակազմի ղեկավար Յարոսլավ Շանկոն:

Առավոտյան ռուսական զորքերը երկու անգամ հարձակվել են Խերսոնում հանրային տրանսպորտի վրա՝ անօդաչուները հարվածել են երթուղային տաքսու և կանգառի, առնվազն հինգ մարդ վնասվածքներ է ստացել:

Խարկովին ռուսական ուժերի հարվածի հետևանքով երկու մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 16-ամյա աղջիկ, հաղորդել է Խարկովի վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը: Քաղաքապետ Իգոր Տերեխովը գրում է, որ վնասվել են երկու տասնյակից ավելի բնակելի շենքեր:

Այս գիշեր ռուսական զորքերը Ուկրաինայի վրա 13 հրթիռ և 115 անօդաչու թռչող սարք են արձակել, բալիստիկ հրթիռներով հարվածներ չեն եղել, հաղորդում են Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը: Ըստ նույն աղբյուրի՝ 2 հրթիռ և 19 անօդաչու 12 կետերում հարվածել են թիրախներին:


XS
SM
MD
LG