Մատչելիության հղումներ

Թավրիզցի վարորդը հայ-իրանական սահմանին․ «Մենք ուզում ենք, որ խաղաղություն և բարեկամություն հաստատվի»

Լրացված

Հայ-իրանական սահմանը իրանական կողից՝ Նորդուզի անցակետից փակ է, միայն բեռնատարներն են գնում-գալիս։

«Ազատությանը» Պետական եկամուտների կոմիտեից միայն ասացին, որ տեխնիկական խնդիր կա իրանական կողմում։

Ագարակի ճանապարհին և՛ հայկական, և՛ իրանական, նաև վրացական համարանիշներով բեռնատարների մի քանի կիլոմետրանոց հերթեր են:

Բեռնատարներից մեկի թավրիզցի վարորոդ Իսլամ Սահիդին, որը նոր էր հատել հայ-իրանական սահմանը, «Ազատության» հետ զրույցում պատմեց. «Աղջիկս մոր հետ հիմա Մարանդում է: Մեկ շաբաթ է՝ չէի կարողացել նրանց հետ կապ հաստատել: Այսօր, քանի որ սահմանին մոտ եմ, կարողացա խոսել: Նրանք էլ ասում են, որ որ ողջ գիշերը արթուն են մնում, ամեն օր Ամերիկան ու Իսրայելը ռմբակոծում են»:

«Ամերիկան ու Իսրայելը դավադրաբար հարձակվել են մեր երկրի վրա: Հարվածել են դպրոցների, հիվանդանոցների համալսարանների վրա, շատ երիտասարդներ զոհվել են: Իմ որդին զինվորական է, բժշկական ինժեներություն է սովորել, ծառայում է Թավրիզի զինվորական հիվանդանոցում: Ինձ ասացին, որ Սեպահի՝ Հեղափոխության պահապանների հիվանդանոցը ռմբակոծել են: Հետո՝ Թավրիզի օդանավակայանը ամեն օր ռմբակոծում են», - ներկայացրեց նա:

Իրանցի տղամարդն ընդգծեց՝ «մենք բանակցության և զրույցի կողմնակից ենք»:

«Մենք ուզում ենք, որ միջազգային կազմակերպությունները ձեռք-ձեռքի տան: Մենք ուզում ենք, որ խաղաղություն և բարեկամություն հաստատվի, վերջ: Մենք պատերազմի և արյունահեղության կողմնակից չենք»:

Նա հայտնեց, որ հերթի մեջ է եղել երեկ գիշերվանից. «Այս անցակետում հերթը մեկ լինում է, մեկ՝ ոչ, նայած մեքենաների քանակին: Երբեմն այս կողմում է շատ լինում, երբեմն՝ իրանական կողմում: Բայց քանի որ մեր երկիրը ռմբակոծել են և ինտերնետը միանում-անջատվում է, Իրանի մաքսակետից մեքենաների ընդունումը շատ քիչ է: Ես երեկ գիշերվանից՝ ժամը 10-ից, հերթի մեջ եմ, և հիմա տեսնում եք՝ նոր հերթս հասել է, որ մտնեմ Հայաստանի մաքսակետ»:

Հայ-իրականան սահմանի հատվածում հավաքված մարդիկ «Ազատությանը» պատմեցին, որ այնտեղ կարծես թե կապի խնդիր կա, համակարգը չի աշխատում և այդ պատճառով մարդիկ այս կողմ գալ չեն կարող, ոչ էլ հենց այստեղ գտնվող Հայաստանի քաղաքացիներն են կարողանում իրանական կողմ անցնել: Երկկողմանի շարժը սահմանափակված է:

Հայաստանի քաղաքացիներից մեկը, որը փորձում էր այն կողմ անցնել, պատմեց, որ իրանական սահմանին հարյուրավոր մարդիկ կան, որոնք սպասում են, թե երբ կբացվի ցամաքային սահմանը, որպեսզի կարողանան տեղափոխվել Հայաստան: Ըստ նրա, իրանական կողմում սպասողների մեջ կան նաև այլ երկրի քաղաքացիներ:

Մարտի 1-ին Հայաստանում Իրանի դեսպանը իր ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ տեխնիկական խնդիրների պատճառով 24 ժամ ցամաքային սահմանը փակ է եղել, հետո խնդիրը կարգավորվել է: Այսօր սահմանը կրկին փակ է:

XS
SM
MD
LG