Մատչելիության հղումներ

6 պատգամավոր Շիրակի մարզից՝ նոր խորհրդարանում. ովքեր են նրանք

Երկու օրից 9-րդ գումարման Ազգային ժողովը կսկսի իր աշխատանքը՝ հին ու նոր դեմքերով: Շիրակի մարզից 6 պատգամավոր կլինի նոր խորհրդարանում՝ 4-ը իշխանական «Քաղաքացիական պայմանագրից», 2-ն ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ից:

«Հայաստան» դաշինքում այս անգամ շիրակցի թեկնածուներին հերթը չհասավ:

Իշխող ուժից խորհրդարան է վերադառնում վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասրյանը, ով այսօրվա կառավարության նիստի ավարտին գործադիրի իր կոլեգաներին հրաժեշտ տվեց: Վերջինս երեկ ՔՊ վարչության նիստում ընտրվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու:

Խորհրդարան է վերադառնում նաև Գյումրիի ավագանու արդեն նախկին անդամ, ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը, ով նաև Գյումրիի քաղաքապետի թեկնածուն էր վերջին ՏԻՄ ընտրություններում ու 3 ամիս Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարն էր: Սարիկ Մինասյանը մեկ անգամ արդեն եղել է խորհրդարանում՝ այժմ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ի ցուցակով։ 5 տարի անց վերադառնում է արդեն որպես իշխանական պատգամավոր:

«Էն ժամանակ եղել եմ ընդդիմադիր խմբակցության անդամ, զբաղվել եմ Շիրակի մարզի հարցերով, կոնկրետ Գյումրի քաղաքի, նույն կերպ հիմա շարունակելու եմ քաղաքիս համար, Շիրակի մարզի բնակչության համար», - ասաց Մինասյանը:

Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարի ու ՀԷՑ-ի Ղարս մասնաճյուղի տնօրենի պաշտոնից Սարիկ Մինասյանն ազատվել է, քանի որ անհամատեղելի էին պատգամավորի մանդատի հետ:

Ո՞վ կփոխարինի նրան Գյումրիի ավագանիում որպես խմբակցության ղեկավար. «Խմբակցությունը քվեարկություն կիրականացնի, պաշտոնական հաղորդագրություն կտարածենք»:

Ավագանու ՔՊ խմբակցությունից նաև Քնարիկ Հարությունյանն է ԱԺ գնում: Վերջինս խմբակցության քարտուղարն էր: Քնարիկ Հարությունյանը ավագանիում ամենասուրն էր քննադատում Վարդան Ղուկասյանին, բանը երբեմն նաև լեզվակռվի էր հասնում:

ՔՊ-ի մյուս պատգամավորը, որ կներկայացնի Շիրակն Ազգային ժողովում, իշխանական լրագրող Վոլոդյա Հակոբյանն է: Վերջինս Գյումրիում աչքի ընկավ հատկապես կաթողիկոսի դեմ իշխանությունների սկսած արշավի ժամանակ քահանաներին կաթողիկոսի զավակ ունենալու մասին հարցապնդումներով:

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ից խորհրդարան կգնան Ռուբեն Մխիթարյանն ու Լենա Մաթևոսյանը։ Չնայած, ըստ ցուցակի, մանդատ էր ստացել Գյումրիի քաղաքապետի տեղակալ, տնային կալանքում գտնվող Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը, նա ինքնաբացարկ հայտնեց՝ քաղաքի կառավարման հարցում կոլապս չառաջացնելու պատճառաբանությամբ:

Մանդատ ստացած Ռուբեն Մխիթարյանը փաստաբան է, նա մեկն էր այն 43 անձանցից, որ ձերբակալվել էին անցած հոկտեմբերին, ճիշտ այն օրը, երբ իրավապահները եկել էին կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալված Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ետևից։ Փաստաբանը մեկ ամիս անցկացրեց անազատության մեջ՝ զանգվածային անկարգությունների մասնակցելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու մեղադրանքով: Մեկ ամիս առաջ, սակայն, այս գործը կարճվել է, «Ազատության» հետ զրույցում ասաց արդեն ԱԺ պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը: Վերջինս պնդում է՝ մարզի ու Գյումրիի համար մի շարք նախաձեռնություններ ունի, նաև օրենքի նախագծեր է ներկայացնելու:

Հետաքրքրվեցինք՝ եթե կարիք լինի, պատրա՞ստ է համագործակցել Շիրակից ընտրված իշխանական պատգամավորների հետ. «Իրենց չեմ աշխատելու: Այդ հարցին ես դրական կպատասխանեի միայն այն ժամանակ, եթե իմանայի, որ այդ մարդիկ մտածում են մարզի, քաղաքի կամ Հայաստանի Հանրապետության մասին»:

Նույն քաղաքական թիմում է նաև պատգամավոր Լենա Մաթևոսյանը, ով Գյումրիում է ծնվել, բայց վերջին տարիներին Երևանում է աշխատում:




Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG