Վերջին տարիներին հսկայական ներդրումներ և բարեփոխումներ են արվել Հայաստանի բանակում, հսկայական քանակությամբ ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա է ձեռք բերվել, «այնպիսի որակի և պարամետրերի, որ մեր բանակը երբեք չի ունեցել»: Այս մասին հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձում:
«Սրա համար ծախսվել են մեծ ֆինանսական միջոցներ, որովհետև ձեռք բերված տեխնիկան թանկարժեք է և քանակական», - նշում է վարչապետը՝ հավելելով. - «Բայց նաև պետք է պատասխան հնչի մի շատ կարևոր հարցի․ իսկ ինչո՞ւ այս նույնը չի արվել 2018, 2019, 2020, 2021, 2022 թվականներին»:
«Սպառազինություն և տեխնիկայի վաճառքի պոտենցիալ ունեցող մեր գրեթե բոլոր միջազգային գործընկերները քաղաքավարի մերժում էին Հայաստանի Հանրապետությանը զենք վաճառել՝ երկու հիմնական պատճառաբանությամբ․
1․ Վստահ չէին, որ այդ զենքը չէր տեղակայվի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս։
2․ Վստահ չէին, որ այդ զենքերի գաղտնի պարամետրերը հասանելի չէին դառնա ՀԱՊԿ-ին, որին ՀՀ-ի անդամակցությունը նույնպես խոչընդոտ էր նման գործարքներ կնքելու համար։
Իսկ ՀԱՊԿ գործընկերները 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ հրաժարվում էին կատարել ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը երաշխավորելու մեր նկատմամբ ունեցած պայմանագրային պարտավորությունները։ Հրաժարվում էին նաև մատակարարել հարյուր միլիոնավոր դոլարի սպառազինություն և տեխնիկա, ինչի համար վճարումները Հայաստանի Հանրապետությունն արդեն կատարել էր»։
«Սա գոյաբանական սպառնալիք էր Հայաստանի Հանրապետության համար և ակնհայտ էր, որ մեր պետականությունը վերացնելու, մեր ինքնիշխանությունը զրոյացնելու որոշում է կայացված», - պնդում է Նիկոլ Փաշինյանը և շարունակում. - «Այս օրհասական վտանգը հաղթահարվեց երկու վճռական իրադարձության արդյունքում․ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ ֆորմատով ձեռք բերված քաղաքական պայմանավորվածության, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցնելու։
Այս ռազմավարությունը մենք հետևողականորեն շարունակելու ենք»։
Վերջին տարիներին ՀԱՊԿ-ի հետ կազմակերպության անդամ Հայաստանի հարաբերությունները սրված են՝ հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո, ։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ պետության դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։