Մոսկվան դրական դինամիկա է տեսնում Բաքվի և Երևանի երկխոսության մեջ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացները, ներառյալ Ադրբեջանի տարածքով Հայաստան ռուսական հացահատիկի մատակարարումների շարունակումը, վկայում են տարածաշրջանային համագործակցության խորացման մասին:
Զախարովան նշել է, որ այս ամենը ևս մեկ անգամ ընդգծում է «3+3» տարածաշրջանային ձևաչափի կարևորությունը (Հայաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան), որի շրջանակներում շեշտը դրվում է տրանսպորտի, էներգետիկայի և մշակույթի ոլորտներում համագործակցության ամրապնդման վրա:
Ըստ Զախարովայի՝ այս ձևաչափով նիստի անցկացման վայրի կամ ժամկետի մասին առայժմ պաշտոնական տեղեկատվություն գործընկերներից չի ստացվել։
Համաձայն պայմանավորվածության՝ այս ձևաչափի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հաջորդ երկու հանդիպումները պետք է կազմակերպվեն Հայաստանում կամ Ադրբեջանում:
«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։
Բաքուն այս ամիս վերահաստատել է հերթական հանդիպումը հյուրընկալելու պատրաստակամությունը: Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ Հայաստանն այն մերժելու որևէ պատճառ չունի։
«3+3»-ի ձևաչափով նախարարական հաջորդ հանդիպման վայրի վերաբերյալ փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվեն, արձագանքել էր պաշտոնական Երևանը: