«3+3»-ի ձևաչափով նախարարական հաջորդ հանդիպման վայրի վերաբերյալ փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվեն, «Ազատությանն» ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Բաքուն երեկ վերահաստատել է այս ձևաչափով հերթական հանդիպումը հյուրընկալելու պատրաստակամությունը: Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ Հայաստանն այն մերժելու որևէ պատճառ չունի։
«Ինչպես արձանագրված է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման համատեղ կոմյունիկեում, նախարարական հաջորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։ Ընդհանուր ընկալմամբ՝ այդ հանդիպումը պետք է անցկացվի Երևանում կամ Բաքվում։ Փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվեն, պայմանավորվածության լինելու դեպքում կտեղեկացնենք», - նշել է Անի Բադալյանը:
Այդ ձևաչափի շրջանակներում տեղի է ունեցել երեք հանդիպում՝ Ռուսաստանում, Իրանում և վերջինը՝ 2024 թվականին Թուրքիայում։
«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։
Թուրքիայում այս ձևաչափով հանդիպմանը Մոսկվան, Անկարան ու Թեհրանը Երևանին ու Բաքվին կոչ էին արել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն այդ հարթակում ավարտել: Երևանը, սակայն, նպատակահարմար չէր գտել այդ առաջարկը: