Արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի կարծում, որ Ադրբեջանի նախագահի օգնական երեկվա Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը կարող է դառնալ խաղաղության պայմանագրի ստորագրման ևս մեկ նախապայման։
«Եթե այդպես եք հարցնում, կարծում եմ՝ չի կարող լինել ևս մեկ նախապայման»,- խորհրդարանում ասաց Միրզոյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստանից» Տիգրան Աբրահամյանի հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ Հաջիևի հայտարարությունը կարող է լինել ևս մեկ նախապայման խաղաղության պայմանագրի ստորագրման գործում:
Ադրբեջանի նախագահի օգնական երեկ ասել էր, որ Հայաստանը և հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից, որոնք 30 տարի շարունակ չեն կարողացել վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր։
«Վերքերը շատ թարմ են, հակամարտությունը նոր է ավարտվել, զոհեր ու արյուն է եղել, ոչ մի կոնֆլիկտի ու պատերազմի մեջ մեղր չեն բաժանում, հասարակությունները պետք է հաշտվեն, ցավն այստեղ էլ կա, այնտեղ էլ կա: Կարող ենք չափել ում ցավն է ավելի շատ, դա էլ այլ հարց է: Բայց պետք է ավարտել այդ հակամարտությունը և մտնել խաղաղության, համագործակցության փուլ», - ասաց Միրզոյանը:
Իլհամ Ալիևի օգականի հայտարարությունը հնչում է Հայաստանի իշխանությունների՝ խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին։ Բաքուն, մինչդեռ, որպես պայմանագրի ստորագրման նախապայման պահանջում է Հայաստանի Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում: