Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարեց՝ դատապարտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախից տեղահանված կնոջ մասնակցությամբ տեղի ունեցած դեպքը:
«Դեպքի հետ կապված ցանկացած հանգամանք դատապարտում եմ, անկախ նրանից՝ դա վերաբերեր վարչապետին կամ ցանկացած այլ քաղաքական ուժի», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մանասյանը:
Լրագրողների հարցին՝ «վարչապետի պահվածքն եք դատապարտո՞ւմ», Մարդու իրավունքների պաշտպանը պատասխանեց. «Բնականաբար, և շատ կարևորում եմ, որ դրանից հետո ներողությամբ հանդես եկավ, ոչ թե այլ քաղաքական ուժերի, առանձին մասնագիտական համայնքների պես վարչապետը հարձակվեց, օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանի կամ պաշտպանի հաստատության վրա, այլ դրանից հետո որոշակի գործողություններ հետևեցին»:
Արցախցի կնոջն ուղղված վարչապետի՝ «փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել» արտահայտությունից հետո, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարել էր՝ «բռնի տեղահանված անձանց և փախստականների հետ հաղորդակցությունը, ինչպես նաև նրանց իրավունքներին առնչվող հարցերի քննարկումը պետք է իրականացվեն պատշաճ զգայունության երաշխավորմամբ՝ հաշվի առնելով նշված խմբի խոցելիությունը: Այդ են պահանջում ոլորտում գործող միջազգային-իրավական չափանիշները»: