Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևերը» դիմել է Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու պահանջով։
«Ուժեղ Հայաստան» դաշինքը նույնպես դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։
Սահմանադրական դատարանը դիմումը մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում որոշում է դիմումի ընդունելիության հարցը:
ՍԴ արտաքին կապերի բաժնից հայտնում են, որ դիմումը վարույթ ընդունվելու դեպքում նշանակվում է զեկուցող դատավոր, որը գործը նախապատրաստում է դատաքննության: Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերով դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։
Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ բարձրագույն դատարանը կա՛մ պետք է անփոփոխ թողնի ընտրությունների արդյունքների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, կա՛մ անվավեր ճանաչելով այն՝ երեք հնարավոր որոշում կայացնի. առաջին՝ «անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները», երկրորդ՝ «անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման կարգը», և երրորդ՝ «նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»:
Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ հինգ ընդդիմադիր ուժեր ընտրությունների արդյունքները կվիճարկեն Սահմանադրական դատարանում։ Բացի «Ուժեղ Հայաստան»-ից և «Միասնության թևեր»-ից, նաև՝ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան»-ը, Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն, Վարդան Ղուկասյանի ԴՕԿ-ը։