Մոսկվան համաձայնություն չի տվել Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը և այդ հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Ինչ-որ մեկը խոսում է [բանակցային] ձևաչափի ընդլայնման մասին, բայց դա մեզ հետ չի համաձայնեցվել», - ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել Ուշակովը, երբ նրան հարցրել են, թե արդյոք եվրոպացի ներկայացուցիչները կմասնակցեն բանակցությունների հաջորդ փուլին։
«Որպեսզի այս համաձայնությանը հասնենք, շատ բան պետք է արվի, այդ թվում՝ հնարավոր է՝ եռակողմ բանակցությունների ևս մեկ, և հնարավոր է՝ մեկից ավելի փուլ»,- հավելել է Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյան:
Օրեր առաջ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները Վլադիմիր Պուտինի հետ Կրեմլում հանդիպումից հետո հայտարարել էին, որ Մոսկվան չի առարկում բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը։
«Հաջորդ հանդիպմանը եվրոպացիները կմիանան մեզ, ինչին մենք մեծ նշանակություն ենք տալիս, քանի որ դա կարևոր է. նրանք մեր գործընկերներն են, կարևոր է, որ նրանք մասնակցեն [բանակցություններին]»,- սոցցանցում գրել էր Քուշները։
Պուտինի հետ հանդիպումից հետո ամերիկացի բանագնացները Դուբլինում հանդիպել էին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Դրանից հետո էլ Ջարեդ Քուշները X-ում գրել էր, որ «նշանակալի առաջընթաց են գրանցել երկու կողմերի մտահոգությունները հասկանալու, հնարավոր լուծումներ գտնելու և առաջ շարժվելու ուղղությամբ»։ «Երկու կողմերն էլ համաձայնել են ընդլայնել բանակցությունները՝ հաջորդ փուլում ներառելով մեր եվրոպացի գործընկերներին»,- գրել էր նա։
Սակայն, Պուտինի օգնականը պնդել է, որ Եվրոպան չունի խաղաղ կարգավորման հստակ և իմաստալից առաջարկներ։ «Երբ մենք եվրոպացիներից հստակ ազդանշաններ ստանանք այն մասին, թե իրականում ինչ են նրանք ուզում և ինչ կառուցողական և իմաստալից առաջարկներ կարող են անել Ուկրաինայում հաջող կարգավորում ապահովելու համար, այդ դեպքում, հավանաբար, կառաջանա նրանց մասնակցության հարցը», - լրագրողներին ասել է Ուշակովը։
ԱՄՆ-Ուկրաինա-ԵՄ բանակցություններ
Մինչ Մոսկվան պնդում է, որ իր հետ չի համաձայնեցվել Եվրոպայի մասնակցությունը բանակցություններին, Զելենսկին հայտնել է, որ ԵՄ բանակցային թիմն առաջին անգամ մասնակցել է ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններին: Ըստ Վլադիմիր Զելենսկիի՝ դրանց, մասնավորապես, մասնակցել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Լեհաստանի, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները:
Ուկրաինայի առաջնորդը քննարկումը որակել է որպես «ուկրաինական, ամերիկյան և եվրոպական բանակցային խմբերի միջև քննարկում՝ «աշխատանքային թիմերի մակարդակով»։
«Դիվանագիտական ջանքերն ակտիվորեն շարունակվում են, և մենք հույս ունենք, որ դրանք ապարդյուն չեն անցնի։ Մեր թիմն աշխատում է հնարավորինս կառուցողական։ Մեզ անհրաժեշտ է պատերազմի արժանապատիվ ավարտ և Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ», - երեկոյան ուղերձում ասել է Զելենսկին։