Մատչելիության հղումներ

Meta-ն տուգանվել է $25 մլրդ-ով՝ տվյալների պաշտպանության հարցում օգտատերերին խաբելու համար

Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, արխիվ
Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, արխիվ

Ամերիկյան Meta ընկերությունը, որին, ի թիվս այլ բաների, պատկանում են Facebook և Instagram սոցիալական ցանցերը, ինչպես նաև WhatsApp հաղորդագրությունների հավելվածը, տուգանվել է օգտատերերի տվյալների պաշտպանության գործով: ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի դատավորը երեկ ընկերությանը պարտավորեցրել է վճարել 25 միլիարդ դոլար՝ ամենամեծ տուգանքը ընկերության պատմության մեջ:

Որոշումը կայացվել է Սանտա Ֆե շրջանի դատարանում այս տարվա սկզբին տեղի ունեցած երկշաբաթյա դատավարությունից հետո։ Երդվյալ ատենակալների մեծ մասը եկել է եզրակացության, որ Meta-ն (նախկինում հայտնի որպես Facebook) տարիներ շարունակ մոլորեցրել է օգտատերերին, հիմնականում Facebook-ի օգտատերերին, առ այն, թե ինչպես է մշակում իրենց անձնական տվյալները։

«Սուտը վերաբերում էր ոչ միայն նրան, թե ինչ մեթոդներ է Facebook-ը կիրառել օգտատերերի տվյալների հետ աշխատանքում», - ասել է դատավորը՝ հավելելով, որ սուտը եղել է «Facebook-ի բիզնես գործելակերպի հենց հիմքում»։

Սա Meta-ի դեմ երբևէ սահմանված ամենամեծ տուգանքն է։ Ընկերությունն այս տարի արդեն տուգանվել է մի քանի այլ դատական գործընթացներով կամ համաձայնել է կարգավորել դրանք։ Մասնավորապես, այն 18 միլիարդ դոլարի համաձայնության է եկել մի քանի նահանգների և տարածքային կառավարությունների կոալիցիայի հետ՝ երեխաների անվտանգության գործով։

«Միտումնավոր սուտ»

Դատական հայցի համար հիմք է դարձել Meta-ի, որն այն ժամանակ հայտնի էր որպես Facebook, դերակատարումը Cambridge Analytica-ի շուրջ սկանդալում: Դատարանը պարզել է, որ Cambridge Analytica-ն, որը հետագայում փակվեց, օգտագործել է Facebook-ի օգտատերերի տվյալներն իր քաղաքական խորհրդատվական աշխատանքներում, այդ թվում՝ 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին վերաբերող նախագծերում, որոնց արդյունքում Դոնալդ Թրամփը հաղթեց իր առաջին նախագահական ընտրություններում:

Նյու Մեքսիկոյի իշխանությունները դատական հայց էին ներկայացրել ընկերության դեմ՝ Meta-ի ղեկավարների կողմից տարիների ընթացքում արված բազմաթիվ հայտարարությունների պատճառով այն մասին, թե օգտատերերի տվյալները երբեք չեն վաճառվել կամ փոխանցվել երրորդ կողմերին: Մինչդեռ դատարանը պարզել է, որ իրականում նման բան փաստացի եղել է:

Դատավոր Ֆրենսիս Մեթյուի նշանակած 25 մլրդ դոլարի տուգանքը մոտավորապես համարժեք է Meta-ի եռամսյակային շահույթին։ Դատավորը նշել է, որ ընկերության կողմից օրենքի խախտումները և կեղծ հայտարարություններն այն մասին, թե ինչպես է Facebook-ն օգտագործել և կիսվել օգտատերերի տվյալներով, «դիտավորյալ» էին և շարունակվել են «ավելի քան 11 տարի»՝ 2010-ից մինչև 2021 թվականը։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG