ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 29-ին Սպիտակ տանը հանդիպել է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում աշխատող առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների հետ։ Հանդիպումից հետո ընդունվել է համատեղ հայտարարություն՝ ի պաշտպանություն արդյունաբերության ինքնակարգավորման։
Փաստաթղթում, որը վերնագրված է «Գերբանականության մասին Սպիտակ տան համաձայնագիր. առաջատար մոդելների համար պատասխանատվության համատեղ պարտավորություն», նշվում է, որ «յուրաքանչյուր ընկերություն պատասխանատվություն է կրում իր տեխնոլոգիան անվտանգ զարգացնելու այնպես, որ ձևավորի հաճախորդների և հանրության վստահությունը» և ունենալու ամուր ներքին գործընթացներ՝ իր մոդելների վերահսկողությունն ապահովելու համար, մասնավորապես՝ կիբեռանվտանգության, կենսաբանական անվտանգության և քիմիական սպառնալիքների նման ոլորտներում, և ապահովելու համար, որ «մոդելները պատահաբար մուտք չգործեն կամ չհարձակվեն տեխնիկական համակարգերի վրա»։
Համաձայնագիրը նախատեսում է, որ ԱԲ մոդելների հնարավորությունները պետք է վերահսկվեն «անկախ աուդիտորների» կողմից, որոնք կգնահատեն, թե արդյոք ԱԲ համակարգերն աշխատում են իրենց մշակողների կողմից նախատեսվածի համաձայն։
Ընկերությունները նաև համաձայնել են պարբերաբար խորհրդակցել միմյանց հետ համակարգի անվտանգության հարցերի շուրջ: Ընկերության ղեկավարները նաև չեն բացառել, որ ապագայում ԱԲ միջոցառումները կարող են պաշտոնականացվել պետական մակարդակով, չնայած առայժմ ուշադրության կենտրոնում է արդյունաբերության ինքնակարգավորումը:
Նախագահ Թրամփից բացի՝ փաստաթուղթը ստորագրել են նաև ընկերությունների ղեկավարներ՝ Սունդար Պիչայը (Google), Դարիո Ամոդեյը (Anthropic), Մարկ Ցուկերբերգը (Meta), Գրեգ Բրոքմանը (OpenAI), Իլոն Մասկը (xAI) և Ջենսեն Հուանգը (Nvidia):
Չնայած փաստաթուղթն իրավական պարտադիր ուժ չունի՝ Թրամփն ասել է, որ այն ոլորտի համար սահմանադրության պես բան է:
Թրամփը նաև հրամանագիր է ստորագրել, որով պաշտոնական գործադիր փաստաթղթերում «արհեստական բանականություն» (ԱԲ) եզրույթը փոխարինվել է «գերբանականությամբ»։ Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը», նա հանդիպումն անվանել է «շատ արդյունավետ և բարեկամական»։
Հանդիպմանը ներկա են եղել ոլորտի մոտ երկու տասնյակ ներկայացուցիչներ։ Թրամփի ձախ և աջ կողմերում նստել են Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը և Tesla-ի ու SpaceX-ի (ինչպես նաև xAI-ի) գործադիր տնօրեն Իլոն Մասկը։
Երեքշաբթի Թրամփը ներկայացրել է նաև America.gov-ը՝ ԱԲ-ով աշխատող չատբոտ, որը ստեղծվել է, որպեսզի օգնի ամերիկացիներին կառավարական ծառայություններում կողմնորոշվելու համար։ «Ես երբեք չեմ զսպի այնպիսի տեխնոլոգիայի մշակումը, որն ավելի կարևոր կլինի, քան արդյունաբերական հեղափոխությունը», - ասել է նա կայքի շնորհանդեսի ժամանակ։
Սպիտակ տանը հանդիպումը տեղի է ունենում արդյունաբերության ներկայացուցիչների կողմից ԱԲ հնարավոր ռիսկերի վերաբերյալ նախազգուշացումների ֆոնին, մասնավորապես մի շարք միջադեպերից հետո, որոնց ընթացքում մոդելները, առանց որևէ մարդկային միջամտության, ներթափանցել են այլ կազմակերպությունների, այդ թվում՝ ԱՄՆ դաշնային գործակալությունների առցանց ենթակառուցվածքներ։
Երկուշաբթի OpenAI-ը հայտարարեց, որ հետաձգել է իր վերջին ԱԲ մոդելի թողարկումը, այն բանից հետո, երբ ընկերության հետազոտողները մտահոգություններ հայտնեցին դրա անվտանգության վերաբերյալ:
Որոշ փորձագետներ նույնիսկ մտավախություն հայտնեցին, որ մոդելի կատարելագործման ներկայիս տեմպերով և առանց վերահսկողության, ԱԲ-ն կարող է «ոչնչացնել մարդկությանը» 10 տարվա ընթացքում: Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը մտահոգություն հայտնեց, որ չարամիտ գործողի ձեռքում ԱԲ-ն արդեն կարող է օգտագործվել, օրինակ, կենսաբանական զենք մշակելու համար:
Մի քանի քաղաքական գործիչներ կոչ են անում սահմանափակող միջոցառումների դիմել դաշնային մակարդակով: Օրինակ՝ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը երկուշաբթի CNBC-ի եթերում ասել է, որ օրենսդիրները պետք է «հիմա վճռականորեն և պատասխանատու գործեն» ԱԲ-ի անվտանգության հարցերում:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը, որը նույնպես մասնակցել է Սպիտակ տան հանդիպմանը, ասել է, որ ընկերությունները կարող են կամավոր կերպով ընդունել լրացուցիչ վերահսկողության միջոցառումներ, այդ թվում՝ արտաքին աուդիտորների կողմից ձեռնարկվող: